Գիտե՞ք՝ որ ՀԱՅ բանաստեղծի աղջիկն է եղել Ֆրունզիկի ԵՐՐՈՐԴ կինը. եկեք պարզենք

Լեգենդար հայի երրորդ կինն էր հայ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը, ով գրող Հրաչյա Հովհաննիսյանի դուստրն է և բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի քույրը։

Թամարը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում:

1971-1975 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Կիմ Արզումանյանի արվեստանոցում։ 1975-1988 թվականներին եղել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Առաջին անգամ խաղացել է Վարդան Աճեմյանի բեմադրած «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» ներկայացման մեջ։ Խաղացել է նաև Վամպիլովի «Ավագ որդի», Նաիրի Զարյանի «Հացավան», Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամանակը», Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղդասար աղբար», Պանյոլի «Հացթուխի կինը» և այլ ներկայացումներում։

1988 թվականին Մհեր Մկրտչյանի հետ համատեղ հիմնադրել է արտիստական թատրոն, որը հետագայում անվանել է Մկրտչյանի անունով։ 1994-1996 թվականներին եղել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, որի ընթացքում բեմադրել է ներկայացումներ և կերտել մի շարք դերեր։

Խաղացել է նաև մի շարք հեռուստաֆիլմերում։ 1986 թվականին Մինսկի հեռուստաֆիլմերի միջազգային փառատոնի ժամանակ Գորկու «Հատակում» պիեսում Նաստյայի դերի համար արժանացել է լավագույն կանացի դերակատարում մրցանակի։

Հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։

1996-2013 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում։ 1997-2002 թվականներին Նյու Յորքի «Թեքեյան» մշակութային միությանը կից հիմնել և ղեկավարել է «Մհեր Մկրտչյան» թատերախումբը, բեմադրել է Է. դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» և այլ ներկայացումներ։

2007 թվականին Լոս Անջելեսում անգլերեն լեզվով բեմադրել է Վիլյամ Սարոյանի «Փինգ-փոնգ խաղացողները» և «Հեյ, ով կա այդտեղ» պիեսները՝ մեկ բեմադրությամբ, 2008 թվականին՝ «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։

2013 թվականին վերադարձել և հաստատվել է Երևանում: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։