«Ես կարողացա ժամեր շարունակ նվագել»․ ինչպե՞ս հայ ջութակահարը դարձավ «Գինեսի» ռեկորդակիր

Հայտնի ջութակահար Նիկոլայ Մադոյանը «Գինեսի» ռեկորդակիր է դարձել 2017 թվականի փետրվարին Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը 33 ժամ, 2 րոպե, 41 վայրկյան անընդմեջ նվագելով: Նա ժամը մեկ հինգ րոպե դադարի հնարավորություն է ունեցել: Մադոյանը ռեկորդը սահմանել է հանուն հայրենիքի և այն նվիրել է Արցախյան քառօրյա պատերազմի անմահ հերոսներին:

Ռեկորդակիրը ասել է, որ ութ ժամում 59 ստեղծագործությունները կրկնվել են ութ անգամ, սակայն ինքը դրանցից յուրաքանչյուրը յուրովի է մատուցել, նոր մեկնաբանությամբ:

«Ես կարողացա գտնել մեթոդներ ու միջոցներ, որոնք ինձ թույլ տվեցին ժամեր շարունակ նվագելով հանդերձ բարելավել ծանրաբեռնված մկաններիս վիճակը ու շարունակել նվագել»,-շեշտեց ջութակահարը:

Նիկոլայ Մադոյանը ծնվել է Երևանում։ Սկսել է ջութակ նվագել յոթ տարեկանից՝ Էմմա Գեսելևայի  ղեկավարությամբ։ 1986 թ-ի նոյեմբերին մոր հետ տեղափոխվել է Նովոսիբիրսկ՝ հայտնի դասախոս Զախար Բրոնի մոտ սովորելու նպատակով։

Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների։ 1991 թվականին դարձել է Գեորգ Կուլենկամպֆի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող։