Շուշեցի գիտնականի գաղտնի աշխատանքներն ու ստեղծված բազմաթիվ հրթիռները

Արմատներով արցախցի, ավելի կոնկրետ՝ շուշեցի գիտնականը հրթիռային շարժիչների ինժեներ և տեխնոլոգ է, աերոտիեզերական տեխնիկայի մասնագետ:

Մեր հայրենակցի մասին, բնականաբար, այնքան էլ շատ բան հայտնի չէ: Քանի որ նա երկար տարիներ զբաղվել է հրթիռների ստեղծմամբ, մշակել ու կատարելագործել է դրանք, պարզ է, որ դա գործունեության այն ոլորտը չէ, որտեղ ներգրավված մասնագետների մասին կարող են գրել թերթերում:

Բայց որոշ տեղեկություններ բաց աղբյուրներում կան: Օրինակ, հայտնի է, որ Դևիլ Մինասբեկովը (Մինասբեկյան) ավարտել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի հրթիռային տեխնիկայի ֆակուլտետը, ինչից անմիջապես հետո դարձել է ինժեներական լաբորատորիայի վարիչ: Արդեն 1980-ին Մինասբեկովը գլխավոր կոնստրուկտորի տեղակալ էր:

Ինչ վերաբերում է հրթիռներին, ապա դեռ 22 տարեկանում Դևիլ Մինասբեկովն աշխատում էր «Պ-5» առաջին ծովային թևավոր հրթիռի վրա: Հետագայում նույն բյուրոյում նա ստեղծում է «Պ-6», «Պ-7», «Պ-35», հականավային հրթիռներ, «Ռեդուկտ» ցամաքային պաշտպանության հականավային համալիրները, «Պ-500» հրթիռները:

Իսկ 1970-80-ական թ-ին ղեկավարում է բալիստիկ հրթիռների ստեղծման աշխատանքները: Հականավային հրթիռների գործում մատուցած մեծ ծառայությունների համար, 1988 թվականին, նրան շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ:

1988 թվականին, երբ Մինասբեկովը պետական մրցանակ էր ստացել, սկսվում է արցախյան շարժումը։ Նույն թվականին տեղի է ունենում նաև Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Հայտնի գիտնականն իր մրցանակի ողջ դրամական հասույթը տրամադրել է Հայաստանի երեխաների օգնության հիմնադրամին։ Այսօր նա 87 տարեկան է։