Գիտե՞ք՝ ինչու էր Հեմինգուեյը Սարոյանին բնութագրել որպես «բռան մեջ հազիվ տեղավորվող» նորելուկ գրող. «հակամարտություն», որը քչերին է հայտնի

Ժամանակին Վիլյամ Սարոյանը և նույն ժամանակների մեկ այլ նշանավոր գրող Էռնեստ Հեմինգուեյը միմյանց հետ բուռն վեճեր են ունեցել և նրանց կռիվների մասին կան բազմաթիվ պատմություններ։ Երբեմն մարդիկ՝ հասարակությունը, գրաքննադատները, լրագրողները իրենք էին Սարոյան-Հեմինգուեյ վեճերն արհեստականորեն ավելի թեժացրել։ Իրականում երկու գրողների ու նրանց փոխհարաբերություների մասին ավելի շատ խոսվել է, քան եղել է իրականում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Սարոյանը նոր էր մուտք գործել գրական աշխարհ։ Քննադատները միանգամից նրա գրելաոճը նմանեցրին Սթայնբեքին և Ֆոլքներին։ Շատերն էլ զուգահեռներ տարան Հեմինգուեյի հետ։ Վերջինս այդ փաստն ընդհանրապես չէր ընդունում։ Պատճառը գուցե այն էր, որ լույս տեսած հենց առաջին գրքում իր «Յոթանասուն հազար ասորի» պատմվածքում Շեվուրդ Անդերոնի անվան կողքին Սարոյանը հիշատակել էր նաև Հեմինգուեյին՝ իրեն բնորոշ անչար հեգնանքով։ Այդ առթիվ Հեմինգուեյը պատասխանել էր հանրահայտ «Esquire» ամսագրում և այդտեղ Սարոյանին բնութագրել որպես «բռան մեջ հազիվ տեղավորվող» նորելուկ գրողի, որին թվում է, թե ինքը կարող է ինչ-որ փոփոխություններ անել:

Նույնիսկ գրականագետների և լրագրողների համեմատականները սկսեցին ոչ միշտ Հեմինգուեյի օգտին աշխատել, երբ մի հայտնի լրագրողի հոդվածում մի այսպիսի տող հայտնվեց. «Ճիշտ է, գուցեև Սարոյանը նմանակում է Հեմինգուեյին, սակայն դա նրա մոտ շատ ավելի լավ է ստացվում, քան հենց իր՝ Հեմինգուեյի մոտ»։ Այս խոսքերը մեծ ճանաչում ձեռք բերեցին այդ ժամանականերում և դա դարձան պատճառ, որ Էռնեստ Հեմինգուեյի՝ Սարոյանին ուղղված ուսուցողական տոնով հոդվածի մեջ մասնավորապես ասվեր. «Պետք է գրես ոչ թե քո մասին, այլ քեզ համար»։ Պատահական չէր նաև, որ այս դիտարկումը Հեմինգուեյը արել էր գրող-ստեղծագործություն փոխհարաբերություն տեսանկյունից։ Թերևս երկու գրողների ընդհանրությունը միայն անձնապես՝ սեփական փորձով ստուգածի ու ապրածի մասին գրելն էր։ Սակայն Հեմինգուեյի «Կորուսյալ սերնդի» հերոսին հակադրվում էր Սարոյանի գրական հերոսը: