«Եվս մի հպարտության առիթ». այս ՀԱՅ բժիշկը փրկում է քաղցկեղով հիվանդ երեխաներին ողջ աշխարհում. ճանաչի՛ր մարդկության մեծ նվիրյալին

Ծանր հիվանդ երեխաներին բուժելը, երբ հաջողության հնարավորություն ոչ միշտ կա, նրանց բարեկամների հետ շփվելը, մարդկանց դժբախտությանն առնչվելը հոգեբանորեն բարդ գործ է, ոչ բոլորն են դրան դիմանում։ Բայց այս հայը բացառություն է:

Ալեքսեյ Մասչանը երազում էր «մահվան դեմ դեղամիջոցը» հայտնաբերելու մասին. այժմ նա պրոֆեսոր է և Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունոլոգիայի դաշնային գիտաբժշկական կենտրոնի փոխտնօրենը։ Ողջ կյանքում Ալեքսեյն օգնում ու ծառայում է մարդկությանը՝ փրկելով հազարավոր կյանքեր:

Ալեքսեյ Մասչանը ծնվել է 1962թ. Մոսկվայում՝ Խլեբնի նրբանցքում, ինժեներների ընտանիքում։

Երբ նա վեց տարեկան էր, տատիկն առաջին անգամ նրան տարել է Հայաստան: Երեւանում նրանք բարձրացել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ալեքսեյն ավարտել է Երկրորդ բժշկական ինստիտուտը: 80-ականների վերջում երիտասարդ բժշկին հրավիրեցին մանկական արյունաբանության գիտական խումբ, որն ստեղծվել էր Չերնոբիլի ատոմակայանի վթարից հետո աղտոտված շրջանների երեխաների բուժման համար։

Մահվան, այսինքն` քաղցկեղի դեմ դեղամիջոց Ալեքսեյ Մասչանն այդպես էլ չի գտել. պարզվեց, որ քաղցկեղը շատ բազմերեսանի հիվանդություն է, եւ դրա դեմ մեկ դեղամիջոց լինել չի կարող: Բայց նա գոհ է արյունաբանության եւ ուռուցքաբանության ոլորտում այս տարիների ընթացքում տեղի ունեցած առաջընթացից.

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են հեղափոխական գիտական բացահայտումներն ընդամենը մի քանի տարի անց վերածվում կիրառական գաղափարների, որոնք օգնում են հիվանդներին: Ապրում ենք թե գիտության, թե բժշկության ոլորտում մշտապես տեղի ունեցող հրաշքի զգացողությամբ»: