«Զինվորները ասեցին՝ կամանդիր ջան, հանի մատանին, շատա փայլում, կխփեն, ինքն էլ ասել է՝ կինս ավելի շուտ կխփի, քան թուրքը». ճանաչե՛ք հերոսական վաշտի ՀԵՐՈՍ հրամանատարին

Կապիտան Ալբերտ Արմենի Խաչատրյանը ծնվել է 1994 թվականի հունիսի 12-ին Ագարակ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում։

Կապիտանը, թեև խստապահանջ էր, բայց ավագ եղբոր պես էր վերաբերվում իր զինվորներին։ Կապիտանի երկար սպասված կոչումը Ալբերտը ստացել է օգոստոսի 30-ին: Սիրելիի` Մարիամի հետ ծանոթացել է ռազմական ինստիտուտում ուսանելու տարիներին: Մի օր նրան հոդված է ներկայացրել, որտեղ գրված էր սպայի կնոջ պարտականությունները, ասելով, որ նա պիտի ամեն դժվարության պատրաստ լինի:

Մարիամը սպայի կին լինելու դժվարությունը կրել է անտրտունջ և հպարտությամբ: «Ամենավերջին հուշը մեր ամուսնական մատանու պատմությունն է։ Պատերազմի ամենաթեժ պահին Հայկը (Ռիժիկ) ասել է՝ կամանդիր ջան, եթե հնարավորա, հանի մատանին, շատա փայլում, կխփեն։ Ամուսինս կատակել է՝ ասելով՝ կինս ավելի շուտ կխփի, քան թուրքը։ Դա դարձել է պատմություն, բոլորը սկսել են միմյանց պատմել։ Անգամ վիրավոր ժամանակ ասել են, որ հանի մատից, բայց չի հանել. ասել է՝ միակ բանն է, որ հիմա ունեմ…»։

«Աբոն երկու բառ ուներ, որ ասում էր զինվորներին, երբ շատ բարկացած էր լինում։ Կուբիկ և քյոթուկ բառերն էին, երբ այդ բառերը լսում էի, գիտեի, որ շատ է բարկացած, բայց միշտ ծիծաղում էի»։

Ալբերտը կնոջ հետ արձակուրդ էր մեկնել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ուշ գիշերին անմիջապես մեկնեց ռազմաճակատ: Վիրավորվեց, բայց մարտը թեժ էր, զինվորներն էլ նրա կարիքը ունեին: Կռվի ամենաթեժ հատվածներից մեկում, 3 օր ոտքը վիրավոր կռվել է, իսկ սեպտեմբերի 30-ին վիրավոր զինվորներին խրամատից դուրս բերելիս արկի պայթյունից ընկել մարտի դաշտում…

Սեպտեմբերի 30-ին կապիտանը կարծես թե զգում էր, որ մահը մոտ է։ Բոլոր զինվորներին ասել է՝ զանգեք խոսեք ձեր հարազատ ու սիրելի մարդկանց հետ. գուցե սա մեր վերջին օրն է։ Ինքն էլ զանգել է սիրելի կնոջը։ Մարիամն ասում է՝ զանգ եկավ ժամը 5-ին, կարծես հրաժեշտ տար։ Հրամանատարը զոհվել է խոսելու նույն օրը՝ ժամը 6-ին։

Ալբերտը հերոսական վաշտի հրամանատար է եղել։ Մարիամը ոչ մի պահ չի կասկածել, որ նա պատրաստ է զոհել իր կյանքը հանուն հայրենիքի ու իր զինվորների։ Հրամանատարը զոհվել է վիրավոր զինվորին փրկելիս։

«Ես աշխարհում ամենաերջանիկն եմ, որ իմ գիտակից կյանքում ունեցել եմ Աբոյին։ Իմ կյանքում նրա դերն անգնահատելի է։ Անասելի հպարտ եմ, որ հենց ինքն է իմ ամուսինը։ Մեզ երբեք ոչինչ չի կարողացել բաժանել. ես հիմա էլ իր ներկայությունը զգում եմ…»։

Ալբերտ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Արիության» մեդալ և «Մարտական խաչ» բարձրագույն շքանշանով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…