«Մեռնելուց չեմ վախենում,վախենում եմ,որ մեր էսքան արածը ջուրը կքցեն,որ մեզ մի բան լինի». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Ալեքսան Սիմոնյանին

Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 21-ին Գյումրիում: 2015 թվականին ավարտել է Գյումրու թիվ 45 ավագ դպրոցը և ընդունվել ԵՊՀ-Ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։

Համալսարանն ավարտելուց հետո՝ 2019 թվականի հուլիսի 11-ին, զորակոչվել է Հայոց բանակ: Սկզբում ծառայել է Լուսակերտում, ապա տեղափոխվել Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զորամաս որպես հրետանավոր:

44-օրյա պատերազմի սկզբնական շրջանում նրանք իրենց դիվիզիոնով տեղափոխվում են Կարմիրավան գյուղ, որտեղ թեժ մարտեր են մղում թշնամու դեմ: Գյուղին սահմանակից Միր Բաշիր քաղաքում թշնամին տեղակայել էր իր 703-րդ բրիգադը (ամենամեծերից մեկը)` զինված ժամանակակից զենքերով, և մեծ առավելություն ուներ մեր նկատմամբ, սակայն դա չխանգարեց հայ զինվորներին 25 օր շարունակ ճիշտ հաշվարկած հրետանային կրակով նրանց պատճառել տեխնիկայի և մարդուժի հսկայական վնաս:

Մերոնք նույնիսկ վնասում են հենց Միր Բաշիր քաղաքին և նրա գործարաններին: Ալեքսանը ակտիվ մասնակցել է ռազմական գործողություններին և իր ճիշտ հրետանային հաշվարկով ոչնչացրել թշնամու մի քանի հրետանային մարտկոց: Կարմիրավանը մերոնք կարողացել են այնպես պահել, որ թշնամու կողմից ներթափանցման ցանկացած փորձ ձախողվել է:

Այստեղ մարտական գործողությունը ավարտին հասցնելով՝ պայքարը շարունակում են Մարտունիում: Կրկին հաջողության հասնելով՝ գյուղը վերցնում են մեր վերահսկողության տակ:

24-ամյա ժամկետային զինծառայողը հրամկազմի համար վստահելի էր, որովհետև չկար մարտական խնդիր, որ նա փայլուն չկատարեր: Ալեքսանը ասում էր. «Մեռնելուց չեմ վախենում, վախենում եմ, որ մեր էսքան արածը ջուրը կքցեն,որ մեզ մի բան լինի»:

Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանը զոհվել է հոկտեմբերի 31-ին Արցախի սահմանները պաշտպանելիս: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…          
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…