«Ճի՛շտ է, թուրքերը լավ էին զինված, նրանց տեխնիկան հզոր էր, բայց հայերիս տեսնելիս մահու չափ վախենում էին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արմեն Հովհաննիսյանին

Արմեն Արեգի Հովհաննիսյանը Ապրիլյան պատերազմի անմահ հերոսներից է: Ծնվել է 1978 թվականի մայիսի 13-ին Սյունիքի մարզի նախկին Բորիսովկա, այժմյան Ծղուկ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել Սիսիանի հումանիտար քոլեջի իրավագիտության ֆակուլտետ, սակայն կիսատ թողնելով կրթությունը՝ 1996 թվականի մայիսի 25-ին զորակոչվել է Հայոց բանակ:

Ծառայել է Արցախում՝ Աղդամում: 1996 թվականի սեպտեմբերի 4-ին, Քարվաճառում մարտական գործողության ժամանակ, ականի պայթյունի հետևանքով մեր հերոսը կորցրել է ձախ ձեռքի դաստակն ու որովայնի աղիներից որոշակի հատված և դարձել 2-րդ կարգի հաշմանդամ:

2002 թվականին ընդունվելով ԵԿՄ-ի շարքերը՝ մասնակցել է հայրենի գյուղի սահմաններն անառիկ պահելու ցանկացած քայլին: Որի համար էլ, հենց ԵԿՄ-ի կողմից, բազմիցս արժանացել է պատվոգրերի:

Երբեմն ծառայությունը հիշելիս քմծիծաղով ասում էր. «Ճի՛շտ է, թուրքերը լավ էին զինված, նրանց տեխնիկան հզոր էր, բայց հայերը ոգո՛վ էին ուժեղ ու նրանք մեզ՝ հայերիս տեսնելիս մահու չափ վախենում էին: Մի թիզ հող անգամ չունենք նրանց տալու«:

2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ Սիսական ջոկատի հետ, որպես կամավոր, մեկնել է Արցախ, մեկնելուց առաջ էլ ասաց. «Գնամ մեր 18 տարեկան զինվորների կողքին լինեմ, նրանց թիկունք լինեմ»:

Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում թշնամու ԱԹՍ-ից Արմենը վիրավորվում է՝ ստանալով 4-րդ կարգի ծանր այրվածք: Ավաղ, նրա կյանքը փրկել չի հաջողվում: 3 օր պայքարելուց հետո՝ ապրիլի 7-ին, նա անմահանում է…

Ընկերը պատմում է, որ երբ Արմենը վիրավորվել է՝ հարցրել է. «Ես կապրե՞մ«, ընկերն ասել է՝ իհարկե, խոսում ես, ինչպե՞ս չես ապրի, իսկ նա պատասխանել է. «Չէ, այս անգամ չեմ ապրի, Արեգիս լավ կնայեք»: Սրանք էլ մեր անձնուրաց հերոսի վերջին խոսքերն էին…

2016 թվականի մայիսի 28-ին Արմեն Արեգի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, սեպտեմբերի 21-ին «Հայրենիքի պաշտպան» բարեգործական հիմնադրամի կողմից պարգևատրվել է 2-րդ աստիճանի մեդալով, իսկ նոյեմբերի 10-ին՝ «Հայաստանի երկրապահ» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…