«Ասում էր՝ տատ, գիտեմ ուր եմ գնում և ինչի համար, ես սովորական մահով մեռնողը չեմ»․ Աշոտ Շահբազյանի հերոսական ուղին

Այն, որ Աշոտ Շահբազյանն ընտրեց զինվորականի ուղին, պատահական չէր։ Աշոտի հայրը` Կարապետ Շահբազյանը, 6 հոգանոց խմբով, ավելի շուտ Շահբազյաններով, հորեղբոր որդիների հետ մասնակցել է Արցախյան ազատամարտին: Նա շատ բան է տեսել ռազմի դաշտում: Աչքի առաջ կորցրել է արյունակիցներին: Որդիներին հեքիաթների փոխարեն ռազմաճակատից է պատմել, ոգեշնչել:

Զինվորականի տեղը դիրքերում է: Եթե զինվորական, ապա առաջին գծում միայն: Այսպես էր պատասխանում Աշոտ Շահբազյանը հարցին, թե ինչու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո անցավ ծառայության Ջեբրայիլում:

«Երկու անգամ փոխեցին տեղը: Հրաման եկավ, որ պետք է զորամասի մեջ աշխատանքը շարունակի, բայց նորից հրաժարվեց, ասեց՝ իմ տեղը դիրքերում է, ես դիրքեր եմ բարձրանալու և վերջ: Ոչ մի անգամ չեմ լսել դժգոհություն: Հարցնում էի՝ Աշոտ ջան, ինչպե՞ս ես, ասում էր՝ գերազանց, մի բան էլ ավել: Դա իր մշտական խոսքն է եղել»,- պատմում է Աշոտի մայրը:

«Ասում էր՝ տատ, գիտեմ ուր եմ գնում և ինչի համար եմ գնում: Ես սովորական մահով մեռնողը չեմ: Իմ մահը պետք է ամբողջ աշխարհն իմանա»,- ասում է Աշոտի տատիկը: Կարգապահ էր, համեստ, հպարտ իր համազգեստով: 22 տարեկանում արդեն ավագ լեյտենանտ էր: Սիրում էր իր զինվորներին, հոգատար էր ու բարի։

Վերջին անգամ խոսել են Աշոտի հետ մարտի 31-ին: Տեղեկացրել է, որ դիրքեր է բարձրանալու: Հետո էլ չի զանգել: 23-ամյա Աշոտ Շահբազյանը զոհվել է Ջեբրայիլի մարտերում: Հայր հետո էր իմանալու, թե ինչպես է որդին ժամեր շարունակ հաջողությամբ կռիվ մղել հակառակորդի դեմ ու ընկել հերոսի մահով…