«Ես անգիտակից ու թուլացած վիճակով գոռացի` մի՛ տարեք, մի՛ խլեք մեզնից մեր միակ եղբորը». ՀԵՐՈՍ ԲԱՐՍԵՂԻ քրոջ հուզիչ գրառումը

44-ամյա պատերազմում անմահացած հերոս Բարսեղ Արմենի Պողոսյանի քույրը գրառում է կատարել, որը անհնար է առանց արցունքների կարդալ:

Նշենք, որ Բարսեղը Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղից էր: Նա ընդամենը 19 տարեկան էր, երբ անմահացավ հանուն հայրենիքի:

«Հավաքվել էինք մեր գյուղի տանը։ Այս անգամ ո՛չ տոն էր, ո՛չ ծնունդ, ո՛չ էլ ինչ-որ ուրախ առիթ։ Հավաքվել էինք քեզ հրաժեշտ տալու։ Վերջին՝ հավերժի մի հրաժեշտ, որից հետո մենք մեզ թաղելու ենք ամեն օրվա մեջ։ Հրաժեշտ, որից հետո մեր կյանքն այլևս առաջվանը չի լինի։ Այս ամիսների ընթացքում սովորեցրել ես ունենանք քեզ ու միևնույն ժամանակ գիտակցենք, որ դու միայն մերը չես։ Ունենանք քեզ ու գիտակցենք, որ մեզ հետ չես, ունենանք քեզ ու պահենք ամուր մեր սրտի խորքում։

Առավոտյան եկավ քահանան հուղարկավորության կարգ մատուցելու։ Աղոթեց հոգուդ հանգստության համար, փոխարենը` տակնուվրա անելով մեր հոգիները։ Ու երբ սուր փշերի նման` սկզբում ականջս, հետո սիրտս ծակեցին քահանայի այս խոսքերը.
-Վերջին հրաժեշտը տվեք մեր հերոսին։

Ես անգիտակից ու թուլացած վիճակով, իբրև ինձնից հեռացող հոգու վերջին ճիչ, ուժեղ գոռացի.-Մի՛ տարեք, մի՛ խլեք մեզնից մեր միակ եղբորը։
Բայց ոչինչ այլևս չէի կարող անել։ Ներսս որբացած անտերի նման լքվել էր, կոտրվել։ Քեզ վաղուց էին խլել մեզանից։ Քո աստվածատուր շնորհն էր այդպես։ Այս հուշերն ասես լինեն մի արևային օր։ Լուսաբացին սկսեմ պատմել ու մայրամուտի վերջին շողերի հետ արևամուտ կմտնի նաև կյանքդ։

Մեքենաներն ընթանում էին դանդաղ, իրար հետևից։ Առջևից անունդ կազմած պսակներով քո սիրած դորջարներն էին ընթանում։ Եվ անցորդները գլխահակ, ոմանք՝ հուզված, ոմանք ուղղակի անտարբեր անցան, ոմանց էլ երևի ծանոթ թվացիր։ Տանում էինք քեզ քո սրտի տեղը՝ ընկերներիդ մոտ, ինչպես ասեցիր.-Լավ տեղըմ էլ իմ հմար կպահեք։

Պահեցինք, քեզ թողեցինք քո լավ տեղում։ Իջեցրինք ներքև, բայց դու ամենաբարձրում մնացիր։ Եվ այդ վայրկյանից ես ինքս ինձ էլ թաղեցի քեզ հետ՝ մեռնելով անժամանակ ժամանակի դառն անկյուններում։ Այժմ ամեն ինչ քեզ է հիշեցնում, քո մասին, քեզնով, շունչդ ամեն տեղ, ամեն օրվա մեջ»։

Փա՛ռք ու պատիվ Բարսեղին և նրա նման բոլոր քաջարի մարտիկներին, ովքեր չխնայեցին իրենց սեփական կյանքը և ընկան հանուն հայրենիքի: Իսկ հարազատներին ցանկանում ենք համբերություն և թող որ նրանք կարողանան իրենց վշտին մխիթարանք գտնել…