«Ոչնչացրեց թշնամու բազմաթիվ գրոհայինների, չթողեց, որ գրավեն իրենց դիրքը». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԳԵՂԱՄԻ սխրանքների մասին

Գեղամ Ռաշիդի Մկրտչյանը ապրիլյան պատերազմի այն անմահ քաջերից մեկը, ով իր կյանքը չխնայեց հանուն կյանքերի:

Ծնվել է 1986թ. օգոստոսի 24-ին Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: 3 երեխա էին, ուներ 1 քույր, 1 եղբայր, ինքը փոքրն էր: Համեստ էր, շատ ընկերասեր և բոլորին նվիրվող:

Բանակ զորակոչվել է 2004թ. հունիսին, ծառայել է Ցորում: Ծառայել է պատվով, եղել հետախույզ-սակրավոր, ապա՝ ավագ հետախույզ: Ժամկետային ծառայությունից հետո՝ 2013թվականին, դարձել է պայմանագրային զինծառայող և աշխատանքի է անցել Ասկերանում՝ որպես հրաձիգ:

Ծառայության ընթացքում հաճախել է սպորտային մարզումների: Նույն ժամանակահատվածում, Երևանում 2 ամսով մասնակցել է հետախույզ-սակրավորի դասընթացների: 2015թ. նույն զորամասում եղել է նռնակաձիգ: Ապա նույն թվականի հոկտեմբերի 4-ին ամուսնացել է բանակի նվիրյալ, նույն զորամասի զինծառայող, կոչումով սերժանտ մի գեղեցկուհու հետ, ով արդեն մեկ տարի ու կես նրա ընտրյալն էր՝ Անուշը:

Ամուսնությունից մեկ ամիս անց՝ նոյեմբերի 4-ին տեղափոխվել է Մարտակերտ, որպես հատուկ նշանակությամբ վաշտի ավագ հետախույզ-գնդացրորդ: Միշտ աչքի է ընկել որպես լավագույն զինծառայող: Նա արդեն 6 տարվա զինծառայող էր: Հայրենիքը նրա ու նրա նմանների կարիքն ուներ, որ նենգ թշնամուց պաշտպանեն իրեն: Մեր քաջը երբեք մահից չի վախեցել: Նույնիսկ ասել էր՝ «Ապրենք՝ ապրենք, մեռնենք՝ մեռնենք»:

2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Գեղամը ոչնչացրել է թշնամու բազմաթիվ գրոհայինների՝ խոչընդոտելով նրանց ամրացմանը մարտական դիրքում: Զոհվել է մարտի դաշտում հանուն հայրենիքի: Հետմահու պարգևատրվել է ՀՀ-ի «Արիության համար» և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալներով: