«Պետք է մի մարդու նման կռվենք թշնամու դեմ». ՀԵՐՈՍ Գրիշա Ազատյանը զոհվեց՝ այդպես էլ չլքելով իրեն վստահված դիրքը

Գրիշա Ազատյանը ծնվել է 2001 թվականին Տավուշի մարզի Բերդավան գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որը ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, սակայն ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թվականի հուլիսի 10-ին զորակոչվել է Հայոց բանակ: Նախ ծառայել է ուսումնական զորամասում, ապա կրտսեր սերժանտի զինվորական կոչում ստանալով՝ ծառայության է անցել սահմանամերձ զորամասերից մեկում՝ որպես մարտական դիրքի ականանետային հաշվարկի հրամանատար:

Գրիշայի հայրը՝ Գագիկը ասում է. «Որդուս ծառայության 2 ամիսը դեռ չէր բոլորել, երբ նրա և 5 ծառայակից ընկերների լուսանկարները՝ որպես լավագույն մարզիկներ, փակցվեցին զորամասի պատվո տախտակին: Շատ ոգևորված էր ծառայությամբ և սիրով ու նվիրումով էր ծառայում»:

44-օրյա պատերազմի սկելուն պես թեժ մարտեր է մղել Թալիշում: Զինակից ընկերները պատմում են. «Սեպտեմբերի 27-ին, երբ լսվեցին կրակոցներ, մտածեցինք, թե սովորական կրակոցներն են: Սակայն, երբ դրանք գնալով ավելի ուժգնացան, մենք սկզբում որոշեցինք պատսպարվել, հետո որոշել մեր անելիքը: Գրիշը կարծես կարդաց մեր միտքը և ասաց՝ 2016 թվականին, երբ գնդակոծում էին մեր գյուղը, համագյուղացիներով մեկ մարդու նման ոտքի ելանք: Հիմա էլ այստեղ պետք է մի մարդու նման կռվենք թշնամու դեմ»:

Հայրը պատմում է. «Սեպտեմբերի 30-ին, կեսօրին մոտ, զանգահարում է մորը և հետաքրքրվում, թե արդյոք գյուղի ուղղությամբ թշնամին չի՞ կրակում: Եվ երբ մայրը պատասխանում է, որ ամեն ինչ խաղաղ է, մի՛ անհանգստացիր, նա էլ իր հերթին մորն է հանգստացնում. «Մա՛մ ջան, էստեղ էլ ամեն ինչ կարգին է, մի՛ անհանգստացեք»:

Գրիշա Ազատյանը զոհվել է հոկտեմբերի 1-ին՝ այդպես էլ չլքելով իր դիրքը: Մարմինը մայր հողին է հանձնվել հունվարի 20-ին:

Հերոսը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Անձնուրաց պաշտպան» մեդալներով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…         
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…