«Զոհվելուց չեմ վախենում, միայն` թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի». ՀԵՐՈՍ, ով զոհվեց Արցախը հայաթափելու «Օղակ» գործողությունը կանխելիս

«Զոհվելուց չեմ վախենում, միայն` թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի»
Սիմոն Աչիկգյոզյան

Սիմոն Հովհաննեսի Աչիկգյոզյանը, նույն ինքը՝ «Դեդը», եղել է երկրաբանական գիտությունների թեկնածու, ՀՅԴ կուսակցության և «Զորավար Անդրանիկ» համազգային միության անդամ, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից։

Ծնվել է 1939 թվականին Գալացում, Ռումինիա: 1946-ին ընտանիքի հետ ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ Հայրը` Հովհաննեսը, Ցեղասպանությունից հրաշքով է փրկվել։ 1946 թվականին Սիմոնը ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ Սովորել է Երևանի թիվ 24 միջնակարգ դպրոցում։ 1955 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1960 թվականին` ինժեներ-երկրաբանի որակավորմամբ։

Աչիկգյոզյանը 1970 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1984 թվականին նրան շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում։ 1960-1991 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, հեղինակել է 70-ից ավելի գիտական աշխատություններ, զբաղվել թարգմանություններով։ Շուրջ 11 տարի դասախոսել է Երևանի պետական համալսարանում։

1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա աղետի գոտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը։ 1989 թվականին անդամագրվել է «Արաբո» կամավորական ջոկատին և մասնակցել Եղեգնաձորի շրջանի Գնիշիկ, Երասխ, Արենի, Խաչիկ, Նոյեմբերյանում` Ոսկեպար և այլ սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին, ապա մեկնել Արցախ (Շահումյանի շրջան)` 1991 թվականի ապրիլի 19-ից ստանձնելով Մարտունաշենում «Արաբո» ջոկատի հրամանատարությունը։

Ս. Աչիկգյոզյանը զոհվել է 1991 թվականին ապրիլի 30-ին Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատների (ՕՄՕՆ) կողմից իրագործվող Արցախը հայաթափելու «Օղակ» (кольцо) գործողությունը կանխելիս։

Նրա աճյունն ամփոփված է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի գերեզմանատանը։
Սիմոն Աչիկգյոզյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։