«Ասում էր՝ դիրքեր եմ բարձրանալու, պաշպանելու եմ երկիրս, որ երեխաներս ինձնով հպարտանան»․ հերոս Սուրենը զոհվեց իր չորս սպա ընկերների հետ

Ապրիլյան պատերազմի հերոսներից է Սուրեն Մելքումյանը, ում համար հայրնեիքը բարձրագույն արժեք էր։ Նա ցույց տվեց, որ հայրենիքը խոսքերով չեն սիրում, այլ՝ գործով։ Սուրենը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 10-ին, Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղում:

Սովորել է գյուղի դպրոցում: Իսկ ավարտելուց հետո 1997 թ-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2001 թ-ին, ավարտելով ռազմական ինստիտուտը լեյտենանտի կոչումով և կապավորի մասնագիտությամբ, ծառայել է Արցախի մի շարք զորամասերում:

Սուրեն Մելքումյանն իր չորս որդիներին դաստիարակում էր զինվորականի խստությամբ: Նույնիսկ տանը պահպանում էր զինվորականին բնորոշ կարգ ու կանոնը։ Որդիները պետք է նշանակված ժամին արդեն քնած լինեին, տղամարդ էին դառնալու հոր օրինակով:

Ասում էր՝ դիրքեր եմ բարձրանալու, պաշպանելու եմ հայրենիքս, որ երեխաներս ինձնով հպարտանան:

Մեր հերոսը պաշտպանելով իր հրամանատարության տակ գտնվող դիրքը, ծավալեց իր կյանքի վերջին մարտն ու կյանքը տվեց հայրենիքին. ապրիլի 1-ին ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց շփման գծում: Սուրենը՝ իր չորս ընկերների հետ առանց վարանելու նետվել է առաջնագիծ, մարտնչել թշնամու մեծաքանակ ուժերի դեմ ու զոհվել՝ իր չորս սպա ընկերների հետ։