«Ես այն ժամանակ չուստերով, խունացած վերնաշապիկով մի տղա էի, ո՞վ էի նրա կողքին». լուրը, որը տակնուվրա էր արել ՎԱՐՊԵՏԻ սիրտն ու հոգին

Ավետիք Իսահակյանի և Շուշանիկի սերը մեկն է այն  պատմություններից, որոնք սրտի կարդիոգրամայի պես վայրիվերումներով ձգվում են մի ամբողջ կյանքի երկարությամբ: Երբեմն ընդհատվում են կյանքի բերումով, բայց այդ նույն կյանքի պահանջով  էլ շարունակում են հիշեցնել իրենց մասին: Սա հայ գրականության ամենասիրուն  սերերից է, այն սերերից, որոնք գլուխգործոցներ են ծնում:1891 թվական, ապրիլին Իսահակյանը վերադարձավ հայրենի Ալեքսանդրապոլ, որտեղ, բացի հայրենիքի կարոտի փարատումից ու մտերիմներից, նրան էր սպասում իր կյանքի մեծագույն, մի քիչ կործանարար ու անսահման սերը: Նա Շուշանիկ Մատակյանն էր՝ Իսահակյանի հեռավոր ազգականուհին, մոր՝ Ալմաստի քրոջ թոռը:


Մանուկ հասակում Ավետիքն ու Շուշանիկը հաճախ էին հանդիպել ընտանեկան խնջույքներին, ո՞վ գիտի, գուցե անգամ տունտունիկ էին խաղացել… թեև, ավելի շուտ՝ կռիվ-կռիվ:1891 թվական, հունիսին  Ավետիք Իսահակյանը հյուրընկալում է իր մորաքրոջ որդիներին, հենց նրանց՝ Կարապետ և Հովհաննես Կոստանյանների տանն էլ առաջին անգամ հանդիպում է նրան՝ այն միակին: Այս հանդիպման մասին տեղեկանում ենք հենց բանաստեղծի հուշագրություններից, Իսահակյանը գրում է՝

«Կ-ների տանը պատահեցա օր. Շ-ին, ողջունեցի և նստեցա մոտը, նա ասեղնագործությամբ էր պարապում, մեր քաղաքի բոլոր աղջիկներից ավելի սա է ինձ գրավում, չափազանց գեղեցիկ է. սև և կլոր աչքեր, վառվռուն և խելոք հայացք, վարդագույն շրթունք, դալկանար դեմք, պարզ, որոշ ձայն, այո, սա մի հրեշտակ է, մի գերբնական ոգի, մի մագնիս, որ քաշում է դեպի իրեն իմ սիրտն ու հոգին: Ես և նա երկար խոսեցինք աոանձին, մաքուր հայերեն էր խոսում: Նա երևի ինձ համակրեց. գոնե համակրանքի ցույցեր էր անում: Նա համակրում էր ճեմարանի շարժումը: Նա կամենում էր Սահականուշյան դպրոցի պես ինձ ստրկացնել յուր ազդեցությանը, րայց չհաջողվեց, ես գերազանցեցի: 0՜, նա խորամանկ է, փորձող է: Ա խ, չնաշխարհիկ Շ., դու գերեցիր ինձ… Որքան ես դյուրաթեք, շուտ խաբվող և ընկճվոդ եմ կուսական սրտի առաջ. ահա իմ բնավորության մի թույլ կողմն ել… Նա իսկապես «ջադու պառավ» է… Նա ինձ գերեց: Իմ սիրտը շատ ընդարձակ տարածություն է. «Մեծ է երկինք, մեծ է երկիր, սիրտս մեծ է հորանից», բոլորն էլ  կարող են նրա սիրաբողբոջ խորշերում ապաստան գտնել, դու էլ, սիրելի Շ., գրավիր նրա կենտրոնը»…

Այս հանդիպումը սկիզբ է տալիս մեկը մյուսից սիրուն, մեկը մյուսից սիրուն սիրային բանաստեղծությունների: Իսահակյանի քնարերգությունը ամբողջովին զավթված էր Շուշանիկի կողմից: Շուշանիկը Իսահակյանի ամեն մի տողում էր: Եվ ահա 1891 թվականի օգոստոսին Իսահակյանը որոշում է տեղափոխվել Էջմիածին ու շարունակել ուսումը:

Բանաստեղծը ստանում է Շուշանիկի համաձայնությունը,  որ նրանք նամակագրական կապ կպահեն: 1891-1893 թվականներին գրողի ու Շուշանիկի միջև չի դադարում նամակագրությունը, նամակների հաճախականությունից ու պարունակությունից կարելի է ենթադրել, որ աղջկա սրտում նույնպես զգացմունք էր ծագել: Շուշիկն իհարկե ավելի զուսպ էր իր սիրո արտահայտչամիջոցներում, սակայն փոխադարձությունը կարծես ուրվագծվում էր։Իսահակյանը գրում է․ «Շուշիկն իմ հեռավոր ազգականներից էր: Զգացմունքների ամենաջերմ շրջանում մեր մեջ մի դատարկ բանի համար երեք ամիս հարաբերությունների խզում տեղի ունեցավ: Մինչև կվերականգնվեր մեր նախկին ջերմությունը, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես մեկնեցի արտասահման սովորելու. դա 1893 թվականն էր: Դեռ նոր էի եկել Վիեննա ևընդունվել տեղի կայսերական մարդաբանական թանգարան, երբ նամակ ստացա քրոջիցս, որ Շուշիկն ամուսնացել է և իրենք էլ` քույրս ու մայրս, ներկա են եղել նրա հարսանեկան հանդեսին:Այս ծանր լուրը խիստ ազդեց վրաս:

Դրա տպավորության տակ նույն օրը գրեցի «Դարդս լացեք» բանաստեղծությունը: Ինձ հոնգուր-հոնգուր լացացնող այդ անսիրտ մարդը հայտնի մանկավարժ Տեր-Միրաքյանն էր, ով նոր էր ավարտել Ենայի համալսարանը և վերադարձել Ալեքսանդրապոլ` պաշտոնավարելու և ամուսնանալու նպատակով: Շուշիկի ծնողները, շլացած այդ երիտասարդի դիրքից ու փայլից, սրտի ու ձեռքի առաջարկը չէին մերժել: Իսկ ես այն ժամանակ չուստերով, խունացած վերնաշապիկով մի տղա էր, ո՞վ էի նրա կողքին…

Սակայն, արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ նա շատ լավ մարդ էր: Հստակ իմանալով նրա կնոջ հանդեպ իմ անհուն սիրո մասին, թույլ էր տալիս մեզ շփվել: Խոստովանեմ` ես ոչ մի դեպքում նման բան թույլ չէի տա: Միգուցե նա համոզված էր, որ Շուշիկը երբեք չի հեռանա նրանից ինձ համար: Այնուամենայնիվ, նրա կողքին իմ մեծ սերն իրեն երջանիկ էր զգում, և ես այլևս ոչ մի բարոյական իրավունք չունեի արտահայտել զգացմունքներս, առավել ևս` որևէ բանի հույս ունենալ: Հետագայում ես էլ ամուսնացա, կարող եմ նույնիսկ ասել, որ երջանիկ էի անձնական կյանքում: Չնայած Շուշիկին այդպես էլ չմոռացա, բայց կինս ինձ շատ է սիրում…»: