Գիտե՞ք՝ մինչև 14-րդ դարը ինչպես է կոչվել Բայազետ քաղաքը և ի պատիվ ում են քաղաքը Բայազետ կոչել թուրքերը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, որոնք արժե իմանալ
Բայազետը կամ Արշակավանը քաղաք է Արևմտյան Հայաստանում, որը գտնվում էր Մասիսից հարավ-արևմուտք, Ծաղկանց լեռների Թոնդրակ լեռան հյուսիսային լանջերին։

Մինչև 14-րդ դարը կոչվել է Դարույնք։ 10-12-րդ դարերում սկսել է գործածվել նաև Պայազատաց բերդ («Գահաժառանգաց բերդ») անվանումը, որը սակայն թուրքերի կողմից այս տարածքների նվաճումից հետո աղավաղվել է և կոչվել Բայազետ՝ ի պատիվ Օսմանյան սուլթան Բայազիդ Ա-ի։
Հայ պատմիչներից առաջինը Բայազետի մասին «Բերդն Բիազետի» ձևով 1451 թվականին հիշատակել է Առաքել Դավրիժեցին։
1555 թվականի թուրք-պարսկական պայմանագրով զավթել է Օսմանյան Թուրքիան։ Բայազետը որպես համանուն գավառի կենտրոն մտել է Էրզրումի էլայեթի մեջ։
18-րդ դարում Դարույնք բերդի տեղում կառուցվել է Բայազետի նոր բերդը։ Քաղաքը զգալիորեն ավերվել է 1821-1823 թվականների թուրք-պարսկական պատերազմի ժամանակ։
1828 թվականին ռուսական զորքերը առանց կռվի գրավել են Բայազետը, սակայն 1829 թվականի Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով այն դարձյալ մնացել է թուրքական տիրապետության տակ։
1829-30 թվականներին զգալի թվով հայեր Բայազետից գաղթել են Հայկական մարզ Գյոկչայի մահալում, Գավառ ավանի տեղում կառուցել Նոր Բայազետը (այժմ ՀՀ Գավառ քաղաք)։
1840 թվականի հունիսի 20-ից մինչև սեպտեմբերի 28-ը տևած երկրաշարժներից քաղաքը մեծ վնասներ է կրել։
1854 թվականին ռուսական զորքերը գրավել են Բայազետը, որը Փարիզի հաշտության պայմանագրով նորից անցել է Թուրքիային։
Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը (հրամանատար գեներալ Ա. Տեր-Ղուկասով) 1877 թվականի ապրիլի 18-ին ազատագրել է Բայազետը, որտեղ թողնված ռուսական փոքրաթիվ կայազորը, հայ կամավորների աջակցությամբ, հունվարի 6-28-ը հերոսաբար մաքառել է քաղաքը պաշարած թուրքական և քրդական գերակշիռ ուժերի դեմ։ Թշնամիները ավերում են ամեն ինչ և սրի են քաշում բոլորին։ 300 տուն հայերից միայն 100-ն են փրկվում և փախչում են Մակու և Կարս։ Ս. Տեր-Պողոսյանից (Խենթ) տեղեկանալով բերդի օրհասական վիճակի մասին Ա. Տեր-Ղուկասովն իր զորաջոկատով փրկել է նրանց։
Այս ավերվածությունից և եղեռնից հետո Բայազետում մնում է ընդամենը 260 տուն բնակիչ, որոնցից 134-ը թուրքական, 108-ը քրդական և 18-ը հայկական։
1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրով Բայազետը անցել է Ռուսաստանին, սակայն Բեռլինի դաշնագրով վերստին տրվել Թուրքիային։ 1914 թվականին ռուսական զորքերը, հայ կամավորների մասնակցությամբ ազատագրել են քաղաքը, որը 1918 թվականին դարձյալ ընկել է թուրքական տիրապետության տակ։
Բայազետի հայերը տեղահանվել են։ Նրանց մի մասը ոչնչացվել է թուրք ջարդարարների ձեռքով, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Քաղաքի տները կառուցված էին կարմրավուն քարերով։ Փողոցները զառիթափ էին և դժվարանցանելի։