Մեծ գրող Լեռ Կամսարը՝ պետությունների ու նրանց միջև պատերազմների մասին․ «Անունդ պետություն է՝ պիտի կռվես»

Լեռ Կամսարը չի վախեցել անդրադառնալ իր ժամանակներում տեղի ունեցող դեպքերին։ Նրա արտահայտած մտքերից շատերը, անկախ ամեն բանի, հասել են մեզ։ Ահա մի հատված Լեռ Կամսարից, որտեղ նա խոսում էր պատերազմի մասին։

«Աշխարհումս բազմաթիվ պետություններ կան, որոնց
զինվորական շորեր չեն սազում: Պարսկաստանն, օրինակ, երբ էլ զինվորական շինել հագնելու լինի՝ իր փշատ ծախողի կապույտ արխալուղը ետևից պիտի կախվի: Զինվորական համազգեստ հալալ է գերմանացուն և ճապոնացուն միայն: Ճիշտ է, վերջին պատերազմին ընկան նրանք, բայց ընկան որպես զինվորներ: Անգլիան ու Ամերիկան զինվոր լինելուց ավելի՝ պատերազմական ռեժիսորներ են՝ պատերազմ կազմակերպողներ: Պատերազմ սկսելիս մինչ Գերմանիան ու Ճապոնիան ձեռքը տանում են դեպի իրենց սրի կոթը, Անգլիան ու Ամերիկան իրենց դրամապանակներն են դուրս քաշում:


Հա՛: Ասում եմ՝ Իտալիան «թոբա» արեց և որոշեց այլևս սուրը ձեռքը չառնել, բայց հարց է, մյուս պետությունները կթողնե՞ն հանգիստ:


Այս րոպեիս Ամերիկան նավ նավի «դայաթմիշ» արած՝ անվերջ զենք ու ռազմամթերք է թափում Իտալիա: Երրորդ համաշխարհային պատերազմին այդ զենքը պիտի կապի Իտալիայի մեջքին ու կռվի դուրս բերի բոլշևիկ Ռուսաստանի դեմ: Նման դեպք պատահում է մեր սովորական առօրյայում, երբ շատ բարձված ուժասպառ գրաստը գետին է թավալում՝ այլևս վեր չկենալու համար, բայց տերը պոչից բռնած վեր է հանում զոռով ու նորից նույն բեռը կռնակին դնելով՝ մտրակում:
Անունդ պետություն է՝ պիտի կռվես»: