Միջինք. Ինչու և ինչպես էին այն նշում հնում հայերը

Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք: Դա նշանակում է, որ Մեծ պահքի օրերը կիսվում են: Սակայն հարկ է իմանալ, որ արարողությունը եկեղեցական նշանակություն չունի:

Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենցաղում ընդունված էր Միջինքի ծեսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին բաղարջ, որի մեջ պարտադիր դրվում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։ Ընտանիքի անդամներից նրան, ում բաժին է հասնում մետաղադրամը, այդ մարդուն ողջ տարվա ընթացքում հաջողություն էր սպասվում:

Միջինքն ամանորյա տարեհացի նման պիտի ապահովեր օջախի, ընտանիքի անդամների բարեկեցությունը, անասունների, հողի և հիմնական տնտեսական զբաղմունքների ապագա հաջողությունը։ Այն հիշեցնում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին: Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում, պահեցողները շարունակում են պահք պահել:

Միջինքի օրը հայաստանյան նահանգներում և գավառներում տարբեր կերպ է նշվել, որոնց մասին գեղեցիկ ավանդազրույցներ են պահպանվել: Վանում, օրինակ, երիտասարդները գնում են իրենց արտը «ողջունելու» և ավետելու գարունը:

Մուսալեռում հողագործներն անպայման նախ այցելում են իրենց արտերը՝ ստուգելու ծլարձակած բերքի վիճակը: Ուստի հարկ է նշել, որ տոնն անմիջականորեն առնչվում է գարնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ: Այդ մասին են վկայում տոնածիսական ճաշերը:

Միջինքին բաղարջ չէին պատրաստում այն ընտանիքներում, ուր նոր մահացության դեպքեր էին եղել: Մուշում և Տարոնում, բարեկամ կանայք հարեգիլ-բաղարջ էին պատրաստում և Միջինքի երեկոյան մատուցում սգավոր ազգականներին: