Հայ նկարիչ, ում աշխատանքները զարդարում են Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանը

Ամերիկահայ նկարչի աշխատանքներից մեկն այսօր զարդարում է Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանը։ Նյու Յորքում հրատարակվող «Hyperallergic» ամսագիրը պատմել է նրա կյանքի և ուսուցման ոչ ավանդական մեթոդների մասին:

Չաքալյանը հաճախ չափազանց կոշտ, անգամ կոպիտ էր վարվում իր ուսանողների հետ։ Բայց նրանք, ովքեր դիմանում էին նրա քննադատությանը հետագայում շատ բարձունքների էին հասնում ու  երախտապարտ էին լինում նկարչին։ Սեմ Չաքալյանը ծնվել է Շանհայում 1929 թ-ին։ Նրա հայրը երկու եղբայրների հետ ֆրանսիական ոճի հացի փռերի ցանց է հիմնել, որը մեծ հաջողություն է ունեցել։

Նկարչի մայրը մահացել է, երբ Սեմը դեռ երեխա է եղել, և փոքրիկին դաստիարակել է չինացի խորթ մայրը, ով շատ է սիրել նրան։ Ճապոնա-չինական պատերազմից հետո, 1947 թվականին Սեմը խորթ մոր և երկու եղբայրների հետ տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո։

Նրա աշխատանքները հիմնականում աբստրակտ իմպրեսիոնիզմի ոճով էին։ 1966 թվականին Չաքալյանը մշտական աշխատանքի է տեղավորվել Սան Ֆրանցիսկոյի Գեղարվեստի ինստիտուտում, որտեղ դասավանդել է շուրջ 35 տարի։

Նկարիչը մահացել է 2004 թվականին։ Այսօր նրա «Hitwood» ստեղծագործությունը զարդարում է Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանի երկրորդ տերմինալը։ Այս ստեղծագործության դիմաց հաճախ են կանգ առնում նրա ընկերներն ու նախկին ուսանողները։