Պարույր Սևակի մասին այս պատմությունը հաստատ չգիտեք․ ահա թե ինչպես էր պատանի Սևակը ձեռք առնում դպրոցի վարիչին

Պարույր Սևակը մեծ հումորի զգացում ուներ, որը նկատելի էր դեռ դպրոցական տարիքից։ Նրա մասին շատ են հետաքրքիր ու զվարճալի պատմությունները և այս պատմությունն էլ նման մի ծիծաղելի դեպքի մասին է։

«Գյուղական անհրապույր փոքրիկ ակումբի բեմում հաճախ էր ելույթ ունենում դպրոցի ինքնագործ թատերական խումբը, որի կազմակերպիչն էր Պարույրը: Բեմադրում էին հիմնականում մեկ գործողությամբ պիեսներ:

1939 թվականին ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ հազարամյակի առթիվ խումբը ներկայացումով հանդես է գալիս հարևան գյուղում: Կեսգիշերին տուն վերադառնալիս ճանապարհին հանդիպում են գայլի:

Որսորդ Մելքոնը, ով դպրոցի տնտեսական մասի վարիչն էր, հրացանը կրակում է և սպանում գայլին: Դերասանները որսը քարշ տալով բերում են գյուղ, և երբ լույսը բացվում է, պարզվում է, որ որսորդի խփածը շուն է: Պարույրը այդ դեպքի առիթով գրում է զավեշտական մի ոտանավոր՝ ՉԱՆԱԽՉԻԱԿԱՆ ԺՈՂ. ԷՊՈՍ, որը դպրոցի գյուղի երեխաներն արտասանում էին՝ ձեռք առնելով տնտեսական մասի վարիչին.

ԳՆԴԱԿՆ ԱՆՑԱՎ ՇԱՌԱՉՈՎ,

ԳԱՅԼԸ ԸՆԿԱՎ ՀԱՌԱՉՈՎ,

ՇՆԻԿՆ ԸՆԿԱՎ ՍԵՎ ՀՈՂԻՆ,

Ի՞ՆՉ ԷՐ ԱՐԵԼ ՄԵԼՔՈՆԻՆ»: