«Էսպես բան կլինի՞, ես կարծում էի, թե Լոռուց գեղեցիկ տեղ չկա աշխարհում». հետաքրքիր պատմություն, թե ինչպես Թումանյանը գրեց իր հայտնի պոեմի նախերգանքը

Հովհաննես Թումանյանը 1901 թվականին Գանձա է այցելել Վ. Տերյանի ավագ եղբայր, անվանի մտավորական Ջավախեցու (Ղազարոս) հրավերով և ուղեկցությամբ: Երբ Թումանյանն ու Ջավախեցին ուշ գիշերով ձիերով հասնում են Ս. Հովհաննու սարի կատարին, Թումանյանը, շողշողացող Փարվանայի ու Սաղամոյի արծաթափայլ ալիքների զմայլանքից քարացած, սարի շուրջբոլորը քնած գյուղերի տեսարանների առջև ձեռքերը կրծքին խաչած բացականչում է. «Ղազա՛ր, էսպես բան կլինի՜, ես կարծում էի, թե Լոռուց գեղեցիկ տեղ չկա աշխարհում: Ձեր Ջավախքն անցավ Լոռուց… էն էլ առանց ծառ ու թփի՞ … բա էսպես բան կլինի՜.. Հայ վա՜խ, մի շիշ կարմիր գինի… ի՜նչ տեղն է… «:

hovhanes tumanyan
Թումանյանը Փարվանա լճի ափին, 1901

Այդ անմոռանալի այցի ժամանակ հենց Ղազարոսենց (Ջավախեցի) տանն էլ մեծ լոռեցին գրում է իր անմահ պոեմի նախերգանքը, որի առաջին քառատողն արտասանում է սեղանի շուրջը բոլորած գանձացիների առջև:

Այս մասին հետագայում Ջավախեցին իր հուշերում գրում է. «Ճանապարհին այն ուրախ, հանաքչի Հովհաննեսը ձայն-ծպտուն չհանեց: Երբ տուն հասանք, առանձնացավ լուռ ու մունջ…», իսկ երբ երեկոյան դուրս եկավ «…կանգնեց սեղանի գլխին ու աջ բազուկը արծվի թևի պես մեկնելով» կարդաց «Փարվանայի» նախերգանքը.

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ...