«Սիրելի՛ ԶԻՆՎՈՐՆԵՐՍ, դուք արհամարհեցիք ձմռան ցուրտն ու թշնամու գնդակները, նույնիսկ օտարը հիացավ ձեզնով». ԶՈՐԱՎԱՐԻ խոսքը ուղղված ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Զինվորներիս
Անդրանիկ Զորավար

Սիրելի՛ Զինվորներս,

Վերջին տխուր դեպքերի առջև երբ կկարմրեք և երբ օտարներ կփորձեն անվանարկել Հայ զինվորի արժանապատվությունը, դուք ձեր քաջությամբ, ձեր պատմությամբ և գործերով նրանց աչքերի առջև կցցվեք՝ արհամարհելով նրանց, բարձր բռնելով Հայ զինվորի և Հայ ցեղի արժանապատվությունը: Դուք գիտեք կռիվ անել, որովհետև հասկանում եք կռվի արժեքը. դուք կարողացաք պարտության մատնել թշնամուն և հիացմունք առաջացնել, նրա համար, որ գիտեիք նվիրվել և գիտեիք ծառայել Հայրենիքին և նրա ազատության հհամար:

… Ի՞նչը դրդեց ձեզ թողնել ձեր տները, ձեր գործերը և հանգիստը՝ երիտասարդ կյանքի վայելքների հետ, և գալ պատերազմի դաշտ շալկելու ձեր հրացանն ու տուրիկը: Ես զգում էի և հասկանում ձեր զոհաբերումների արժանիքը և իմաստը: Ես գիտեի, թե որքա՜ն ծանր էր ձեր վրա ճնշող պատասխանատվությունն ու պարտականությունը:

Մեծ համբերությամբ կրեցիք ձեր չարչարանքները և մեծ հավատքով կատարեցիք ձեզ հանձնված գործը: Ես չլսեցի տրտունջքի ոչ մի բառ, ցավի ոչ մի արտահայտություն: Մերկ էիք, անոթի մնացիք օրերով, ձմռան ցուրտը, բուքն ու քամին, ձյունն ու անձրևը կարկուտի հետ ծեծեցին ձեզ, նեղեցին ձեզ, բայց դուք արհամարհեցիք դրանք թշնամու գնդակների հետ:

Ձեր այս կեցվածքը քաջալերեց ինձ, ուրախացրեց սիրտս, և մենք կարողացանք շահել փառավոր հաղթանակներ հայ անունի համար:

… Օտարը հիացավ ձեզնով, ձեր հրամանատարն էլ հիացավ և ուրախացավ ձեզ համար, ու վստահ ձեր Հայի հզոր բազուկներու վրա՝ նոր հաղթանակների դիմեց…

andranik

Ի՞նչ վսեմ սեր ու մաքուր զգացում էր, որ ունեիք դուք ձեր կրծքերի տակ: Ես բոլոր դժվարությունների մեջ ձեր դեմքերի վրա հրճվանք էի տեսնում, երբ այստեղից-այնտեղից Հայ մանուկներ և Հայ գաղթականներ հավաքելով՝ ինձ մոտ էիք բերում: Դուք ձեր հացը, ձեր հագուստը և հանգիստն էիք տրամադրում նրանց երջանկության, բարօրության և հանգստի համար…

Թշնամու անկումը ձեր հրճվանքն էր և Հայի ազատագրումը՝ ձեր ժպիտը:
Ձեզնից շատերը ընկան: Նրանց աճյունները խառնվեցին մայր հողին: Խունկով ու աղոթքով օրհնված ու սրբացած քար չդրին նրանց վրա, աղոթք և սաղմոս չկարդացին, այլ միայն հովը սուլեց՝ փայփայելով նրանց սև ու սիրուն վարսերը…

Սիրելի Զինվորներս,
Այս մի քանի տողերը իբրև հարգանքի և գնահատանքի նշան ձեզ եմ թողնում որպես կտակ և սրտաձոն ապրողներիդ և իբր տապանաքար՝ անթաղ և անշիրիմ զինվորներիս…

Անդրանիկ
1921թ.

Ժամանակները փոխվել են, բայց պատմությունը դեռ նույնն է, այն անընդհատ կրկնվում է, իսկ մենք՝ հայերս, չենք դադարում հիանալ մեր ՀԱՅ զինվորներով, հպարտությամբ խոսել նրանց սխրանքների, Հայրենիքի և ընկերոջ համար արված անձնազոհությունների և անպարտ ոգու մասին:

ՀԱՅ զինվորը իրական ՀԵՐՈՍ է: Մենք հպարտանում ենք, ԵՍ հպարտանում եմ քեզնով, իմ ՀԱՅ զինվոր…