Նրա երևակայությունը սահմաններ չէր ճանաչում․ ինչպես հայուհին արժանացավ օսկարի և ինչու էր թաքցրել իր հայկական ծագումը

Հայուհի, ով փոխել է Դիզայնի աշխարհի սկզբունքները։ Խոսքը Այրին Շարաֆի մասին է։ «Կլեոպատրա», «Ով է վախենում Վիրջինյա Վուլֆից», «Թագավորը և ես», «Ամերիկացին Փարիզում» և այլ արդեն դասական դարձած բոլոր ֆիլմերում զգեստների աշխատանքի համար նկարիչն արժանացել է Օսկարի, նկարազարդել է «Vogue» և «Harper’s Bazaar» ամսագրերը։

Նրա պատվին նույնիսկ մրցանակ կա։ Մրցանակը հիմա ամեն տարի հանձնում են հագուստի դիզայներներին, որոնք իրենց կարիերայի ընթացքում մեծ արդյունքների և վարպետության են հասել թատրոնի, կինոյի, օպերայի կամ պարի ոլորտում։

Լեգենդար նկարիչ–դիզայները ծնվել է Բոստոնում 1910թ.–ին։ Նրա հայրը ծնունդով Արևմտյան Հայաստանից էր։ Ընտանիքն արտագաղթել է ԱՄՆ 19–րդ դարի վերջին` առաջին կոտորածներից հետո։ Հայրը, ով անգլիական շապիկներ արտադրող էր, ամուսնացել է ամերիկուհու հետ։ Այրինը հազվադեպ է խոսել իր ծագման մասին։ Շարաֆյանի կարծիքով` այդ փաստը կարող էր ինչ-որ կերպ ազդել նրա կարիերայի վրա։

Շարաֆը միշտ թաքցրել է իր անձնական կյանքի մանրամասները։ Նա երբեք ամուսնացած չի եղել։ Նա շատ մտերիմ է եղել Բարբարա Սթրեյզանդի և Էլիզաբեթ Թեյլորի հետ։ Թեյլորի հետ միասին նրանք աշխատել են չորս ֆիլմում։ Հայ նկարչուհին դարձել է նաև Էլիզաբեթի հարսանեկան զգեստի հեղինակը։ Հայուհու երևակայությունը սահմաններ չէր ճանաչում։