«Նշանակվել էր դիրքի ավագ, թշնամու տեխնիկան մեկը մեկի ետևից ոչնչացնում էին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Ալեքսեյ Հովհաննիսյանին

Ալեքսեյ Արամայիսի Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 2-ին ԼՂՀ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում: Սովորել է տեղի Հ. Ղարախանյանի անվան միջնակարգ դպրոցում: 2019 թվականին ընդունվել է ԱրՊՀ Բնագիտական ֆակուլտետի Տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինը, սակայն ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվել է Հայոց բանակ:

5 ամիս սովորել է Լուսակերտի ուսումնական զորամասում և ստացել ականանետի հրետանու մեդալ ու կրտսեր սերժանտի կոչում: Ծառայել է Ջրականի (Ջաբրայիլ) 2-րդ գումարտակի 1-ին մարտկոցում: Եղել է առաջին հաշվարկի հրամանատար:

44-օրյա պատերազմի սկսվելուն պես եղել է դիրքերում, սկզբում կռվում էր ականանետով, իր հրամանով արձակած յուրաքանչյուր ական հասնում էր ճիշտ նպատակակետին՝ կասեցնելով թշնամու առաջխաղացումը, շարքից հանելով տեխնիկան, թշնամու համար ռազմավարական նշանակություն ունեցող օբեկտները և օգնելով հայկական առաջապահ ստորաբաժանումներին կատարել առաջադրանքը։

Հոկտեմբերի սկզբներին Ջրականից տեղափոխվել է Հադրութ, այնուհետև կամավոր ընկերների հետ մեկնել Վարանդա (Ֆիզուլի)։ Ալեքսեյը նշանակվել էր դիրքի ավագ ու մինչև հոկտեմբերի 28-ը կռվել է առաջին գծում։

Ղեկավարում էր մարտը՝ ոչնչացնելով թշնամու զգալի կենդանի ուժ։ Ալեքսեյը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում, անօդաչու թռչող սարքի հարվածից։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» և «Արիության» մեդալներով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…