«Հեռախոսը չէր դնում, ասում էր՝ մի քիչ էլ խոսա հետս, մի բան զգում էր երևի»․ Կապուտաչյա հերոսը զոհվեց պատերազմի ավարտից ժամեր առաջ

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Զոլաքար գյուղից էր նորօրյա հերոս  Դավիթ Հայրապետյանը։  Նա ապրիլյան թեժ մարտերի մասնակից էր, տանկի նշանառու էր, կռվել էր մինչև վերջին շունչը:

Ընկերները նրան գտել էին երեք տանկերի արանքում: Կապուտաչյա հերոսը զոհվեց քառօրյա պատերազմի ավարտից ժամեր առաջ: Ծնողները Դավիթի մահվան լուրն իմացել են միայն ապրիլի 8-ին: Դավիթը երեք ամիս էր, ինչ ծառայում էր Մարտակերտում: Ծնողները պատմում են, որ հենց սկզբից Արցախում էր ցանկանում ծառայել:

«Ես էդ ազգին ինձ թշնամի չէի համարում, որ մի տեղ խոսում էին, ասում էին՝ ադրբեջանցիք սենց են, նենց են, չգիտեմ ինչի` պաշտպանում էի, ասում էի՝ ի՞նչ գիտեք, կարող է իրանց մեջ էլ լավ մարդիկ լինեն,- պատմում է Դավիթի քույրը,- բայց հիմա՝ էսքանը տեսնելուց հետո, էլ ո՞նց պաշտպանեմ»։

«Վերջին անգամ մարտի 30-ին եմ Դավիթի հետ խոսել, հեռախոսը չէր դնում, ասում էր՝ մի քիչ էլ խոսա հետս: Էդ օրը համարյա մի ժամ խոսել ենք, սովորաբար էդքան երկար չէինք խոսում… մի բան զգում էր երևի»:

Դավիթը տան ամենափոքրն էր։ «Մեր գյուղում ծիրան չի աճում, ամեն ինչ ունենք` բացի ծիրանից, բայց Դավիթիս տնկած ծիրանենին, արդեն քանի տարի ա` ծիրան ա տալիս: Ոչ մեկիս չէր թողնում մոտենանք ծառին…»,-պատմում է հերոսի մայրը: «Մեր տան լույսն էր Դավիթը։ Թուրքն էլ սենց ցավ թող չտեսնի»;