«Մի տարի էլ չկար, ինչ վերադարձել էր ծառայությունից, կամավորագրվեց ու մեկնեց ռազմի դաշտ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Ժորային

Ժորա Լենդրուշի Խաչատրյանը ծնվել Է 1997 թվականի մայիսի 22-ին Երևանում: Սովորել է Պարույր Սևակի անվան թիվ 123 միջնակարգ դպրոցում, ապա կրթությունը շարունակել Երևանի թիվ 119 ավագ դպրոցում:

Դպրոցն ավարտելուց հետո Ժորան պետք է զորակոչվեր, սակայն դժբախտ պատահարի հետևանքով նրա մոտ խնդիրներ էին առաջացել, որի պատճառով երկու տարի հետաձգվեց ծառայությունը:

Ժորան Հայոց բանակ է զորակոչվել 2018 թվականին, ծառայել է Եղնիկներում և զորացրվել 2020 թվականի հունվարին, սակայն սկսվեց 44-օրյա պատերազմը, և Ժորան կրկին շտապեց Հայրենիքի սահմանները պաշտպանելու: Նա կամավորագրվեց և հոկտեմբերի 11-ին հատուկ ջոկատայինների խմբով մեկնեց ռազմաճակատ:

Պատերազմի ընթացքում մասնակցել է Հադրութի, Ջրականի, Սանասարի և Քարին տակի մարտերին: Զոհվել է հոկտեմբերի 30-ին Քարին տակի մարտերի ժամանակ:

Ժորա Լենդրուշի Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» շքանշանով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…