«Երեք ամսվա ծառայողին դիրքերից իջեցրեց, որ թշնամու գնդակի թիրախ չդառնա, ինքն էլ զոհվեց վիրավոր ընկերոջը օգնելիս». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Մհեր Խաչատրյանին

Մհեր Մնացականի Խաչատրյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 12-ին Արարատի մարզի Արալեզ գյուղում: Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 16-ին՝ կիսատ թողնելով բուհական կրթությունը: Ծառայել է Ասկերանում։

44-օրյա պատերազմի սկսելուն պես եղել է առաջնագծում: Մհերի եղբայրը պատմում է, որ վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 11-ի առավոտյան: Խոստացել է էլի զանգել, բայց…

Զինակից ընկերները պատմել են, որ այդ օրը նրանց տեղափոխել են Հադրութ, գիշերն էլ հրամանատարը հրաման է տվել, որ մտնեն անտառ և ոչնչացնեն թշնամու դիվերսիոն խմբերին։ Մարտական այդ առաջադրանքը կատարելիս էլ վիրավորում է ստացել և զոհվել։ Ասում են՝ Մհերը երեք ամսվա ծառայող տղաներից մեկին դիրքերից իջեցրել է, որ հանկարծ թշնամու գնդակի թիրախ չդառնա, ասել է՝ նոր է, կռվել լավ չգիտի։

Անտառում էլ, մարտական առաջադրանքի կատարման ժամանակ՝ վիրավոր զինընկերոջը օգնություն ցույց տալիս՝ թե՛ ինքը, թե՛ ընկերը վիրավորվել և զոհվել են:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…