«Վազում էր, շունչը կտրվում էր, հևալով ասաց՝ մամ ջան, կզանգեմ ու անջատեց»․ Հերոս Շավարշ Մելիքյանը զոհվել է թշնամու դիվերսիոն փորձը կասեցնելիս

Ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանի մասին Աշոցքում բոլորն են խոսում հպարտությամբ ու հարգանքով։ Մանկուց «Գեներալ» մականունը ստացած երիտասարդը միշտ զինվորական կեցվածքով ու պարտաճանաչությամբ է աչքի ընկել շրջապատում:

Հայոց բանակի 25-ամյակի առիթով՝ ավագ լեյտենանտը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով»` ցուցաբերած խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար:

«Դպրոցում սովորելիս արդեն որոշեց գնալ զինվորական ուսում ստանալու, չնայած ես չէի էլ ուզում, բայց ինքն այնքան վճռական էր, որ ոչ ոք չկարողացավ հակառակը համոզել նրան»,-պատմում է հերոսի մայրը։

Նա տղայի հետ վերջին անգամ խոսել է 2016 թ-ի դեկտեմբերի 29-ի առավոտյան: «Ամբողջ օրը չէր զանգել, որոշեցի ես զանգեմ: Վազում էր, շունչը կտրվում էր, հևալով ասեց՝ մամ ջան, սպասի, կզանգեմ ու չզանգեց»,- պատմում է մայրը:

«Արտագնա աշխատող եմ, գնացել էի փող աշխատելու: Տղայիս մեկ տարի չտեսա  ու էլ չեմ էլ տեսնի…»,- ասում է հերոսի հայրը: Շավարշն ընտանիքի միակ զավակն էր, տան սոցիալական խնդիրները հոգացողը:

Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: