ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ. լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿ Դավթյանի եղբայրը

Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմհացած հերոս Գարիկ Դավթյանի եղբայրը:

Գարիկը պատերազմի սկզբից եղել է մարտի դաշտում, անձնվիրաբար կռվել է թշնամու դեմ՝ օգնելով իր վիրավոր ընկերներին: Գարիկը եղել է Հադրութում, նա հենց այդտեղ էլ անմահացել է:

garik davtyan

«Սա յուրահատուկ իրադարձություն է, քանի որ հերոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշեցին կրկին ծնողներ դառնալ և դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին՝ այդ երազանքն իրականություն դարձրին փոխնակ մոր օգնությամբ»,- ասվում է բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել:

«Ամուսինները հուզմունքը չեն կարողանում թաքցնել, մայրը պատմում է՝ բալիկի ծնունդից առաջ շատ անհանգիստ է եղել, հետո երազ է տեսել ու հասկացել՝ վախենալ պետք չէ՝ Աստված ու հերոս Գարիկն այնպես կանեն, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա: Տիկին Գոհարը չի թաքցնում՝ կարոտել է, երբ իրեն մայրիկ էր ասում որդին, փոքրիկ Գարիկը կօգնի նորից զգալ այդ բերկրանքը»,- հավելել են Կոնտրոնից:

Փոքրիկը ծնվել է 3,450 կգ քաշով և 51 սմ հասակով: Երեխայի ծնունդն ընդունել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար Աշոտ Սիրունյանը:

«Նորածինն իրեն հրաշալի է զգում և պատրաստվում է տուն գնալ»,- հայտնել են բժշկական կենտրոնից: