«Սաղ լավ ա լինելու, հիմա մենք ավելի ենք ուժեղացել». կարդա՛ 20-ամյա ՀԵՏԱԽՈՒՅԶ Տիգրանի մասին, ում բանակում բոլորն էին երազում նմանվել

Մեր անմար լույսերից մկեն է՝ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԵՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, ում պարտավոր ենք ճանաչել բոլորս: Հերոսը ծնվել է 2000թ. սեպտեմբերի 13-ին` Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում:

Դպրոցական առաջին իսկ օրերից հայտնաբերվեցին նրա ունակությունները, նա մաթեմատիկական գիտությունների նկատմամբ մեծ ջիղ ուներ: Բարձր առաջադիմությամբ 2018թ. ընդունվեց Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկա և մեխանիկա» ֆակուլտետի մաթեմատիկա բաժինը: Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվեց բանակ:

Ծառայության անցավ Արցախի Հանրապետությունում` Մատաղիսում: Բնույթով քչախոս, անվախ, սպորտային ու վերլուծող մտքի տեր երիտասարդը իր ընտրությամբ դարձավ վաշտի «հետախույզը»: Արժանացել է «Լավագույն մարզիկ», «Բանակի գերազանցիկ» շքանշանների կոչման: Երկամսյա կուրսերից հետո դարձավ սերժանտ, նշանակվեց դիրքի ավագ: Մեծ պատասխանատվությամբ էր կատարում իր վրա դրված բոլոր առաջադրանքները: Զինակից ընկերները խոստովանում են. «Երազում ենք Տիգրանի նման դիրքապահ, կիրթ ու սիրված:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակման ժամանակ Տիգրանը գտնվել է Մատաղիսի առաջնագծում, արժանի հակահարված տվել թշնամուն, մարտական ընկերոջ հետ մարտի բռնվել թշնամու հետ, բարձր պահել իր զինակիցների ոգեղենությունը, ոգեշնչել և քաջալերել իր երիտասարդ ընկերներին, փայլուն կատարել հետախույզի առջև դրված առաջադրանքներն ու պարտականությունները:

Հոկտեմբերի 2-ին` առավոտյան վերջին անգամ խոսելիս ընտանիքին հավաստիացրել ու հանգստացրել է. «Ամեն ինչ լավ է, հիմա մենք ավելի ենք ուժեղացել»: Սակայն Տիգրանը իր ճակատագիրը հավերժ կապեց հայրենիքի հետ:

Փա՛ռք Քեզ, ՀԵՐՈ՛Ս, շնորհակալ ենք: