Մեր հպարտություն. տեսեք, թե ինչպես է 14-ամյա ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆ հաղթել թուրք մասնակցին, այն էլ հենց Թուրքիայում

14-ամյա հայ թենիսիստ Միքայել Ավանեսյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է Թենիս Եվրոպայի զարգացման առաջնությանն ու հաղթող դարձել, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Կիսաեզրափակչում հայ թենիսիստը առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ եզրափակչում 4-6, 6-2 և 6-1 հաշվով հաղթել է չեռնոգորցի մարզիկին: Մրցաշարին եվրոպական 11 երկրի ներկայացուցիչներ են մասնակցել:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքերով՝ Ավանեսյանի այս նվաճումը բացառիկ է հայկական թենիսի պատմության մեջ.

«Միքայելն անցած տարվա դեկտեմբերին էլ էր մասնակցել այս մրցաշարին և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը, ինչը ևս աննախադեպ արդյունք էր: Այս տարի Միքայելն ինքն իրեն գերազանցեց: Միքայելը Եվրոպայի վարկանիշային աղյուսակում 7-րդն է իր տարիքային խմբում, սա հիանալի ցուցանիշ է: Շատ ուրախ ենք, որ կարողացավ նաև մրցաշարի հաղթող դառնալ: Այս մի քանի տարվա ընթացքում Միքայելը շատ երկար ու բարդ ճանապարհ է անցել»: