Այս ՀԱՅԻ հրատարակած Ժողովածուի հասույթը այնքան մեծ գումար կազմեց, որ նա տարբեր բնակավայրերում որբանոցներ կառուցեց. ճանաչենք «Որբերի հայր» մականունը կրող ՀԱՅԻՆ

Պատմաբան, հրապարակախոս, հասարակական գործիչ Գրիգոր Ջանշյանը ծնվել է 1851թ. մայիսի 29-ին Թիֆլիսում:

  Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը,Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, զբաղվել փաստաբանությամբ, իրավաբանությամբ: Դեռևս ուսանողական տարիներին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել լրագրության նկատմամբ, տպագրվել «Ռուսկիե վեդոմոստի», «Ռուսկիե միսլի», «Վեստնիկ Եվրոպի» և այլ ամսագրերում:
Արևմտահայության վիճակը շատ է զբաղեցրել նրան, թե’ իր հոդվածներով, թե’ ֆինանսական միջոցներով  փորձել է օգնության հասնել իր տառապյալ ժողովրդին:

1897 և 1898 թվականներին կրկնակի հրատարակվեց նրա «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուն ռուսերենով,  որի հասույթով ստեղծել է դրամական ֆոնդ՝ կարիքի մեջ գտնվող արևմտահայերին  օգնելու համար։          

    Ջանշյանն այս ժողովածուում մանրամասնորեն փորձել է  նկարագրել, պատկերել արևմտահայերի ծանր, դժոխային կյանքը Թուրքիայում, ջարդերը:         

 Ժողովածուի պատկերազարդումները կատարել էին Վ. Սուրենյանցը և Հ. Այվազովսկին:
Սա հանրագիտարանային ժողովածու է, որտեղ ընդգրկվել են անվանի այն հեղինակները, որոնց գործերը  վերաբերում են հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, հայկական հարցին, հայոց ցեղասպանությանը:
Ժողովածուում հանդես են եկել ռուս ականավոր գրողներ (Լ.Տոլստոյ, Ա.Չեխով, Վ.Կորոլենկո), բանաստեղծ-թարգմանիչներ, մշակույթի, գիտության գործիչներ (Կ.Տիմիրյազև, Մ.Կովալևսկի, Ա.Վեսելովսկի, Ա.Կոնի) իրենց աշխատություններով։

Այս Ժողովածուի հասույթը բավականին լուրջ գումար կազմեց (առաջին և երկրորդ հրատարակությունների գումարը միասին կազմեց շուրջ 60 հազար ռուբլի): Եվ հնարավորություն տվեց Դիարբեքիրբում, Ախթամարում, Բալուում, Աղբակի Ս.Բարդուղիմեոս վանքում, Ֆռնուզի Ս.Աստվածածին վանքում, Ալաշկերտում, Վանի Սալնապատի Ս.Գրիգոր մենաստանում, Սիսում, Կյուրինում, Ջարսանջակում, Հասան-Բեյում և Մուշում հիմնել որբանոցներ, բացվեցին շուրջ 12 որբանոցներ: Այդ գործում նրան օգնում էր Մաղաքիա Օրմանյանը: Այդ անձնվեր և բարի գործի համար ժողովուրդը Ջանշյանին անվանեց «Որբերի հայր»: Ջանշյանը նպատակ ուներ ժողովածուն հրատարակել նաև երրորդ անգամ, սակայն մահը անժամանակ այցելեց նրան: Այս ժողովածուն վերահրատարակվեց  Երևանում և Մոսկվայում   2014 թվականին:
1893 թվականին  «Դիև» ծածկանունով  լույս տեսավ «Հայկական հարցը Թուրքիայում» գրքույկը, որտեղ Ջանշյանը գրել է, որ հայկական հարցը պետք է վճռել «իրավունքի, արդարության, մարդասիրության պահանջների համաձայն»։
Գրիգոր Ջանշյանը մահացել է Մոսկվայում 1900թ. հուլիսի 17-ին` իր ամբողջ ունեցվածքը կտակելով Արևմտյան Հայաստանի որբանոցներին, Ամենայն հայոց կաթողիկոսությանը, իսկ ամենամեծ հարստությունը` անձնական գրադարանը, Էջմիածնի մատենադարանին