Ժամանակին հենց այս շենքում է իր ընտանիքի հետ բնակվել Դրաստամատ Կանայանը՝ ԴՐՈՆ. գիտե՞ք, թե Երևանի որ փողոցում է գտնվում այն
Լուսանկարում պատկերված շենքը գտնվում է Բուզանդի 4 հասցեում:
Ժամանակին այն պատկանել է քաղաքային խորհրդի պատգամավոր, վաճառական Մկրտիչ Ենգիբարյանին, որը 1894 թվականից զբաղվել է Պարսկաստանից և Թուրքիայից նավթի արտահանմամբ։
Շենքի կառուցման ժամանակահատված է համարվում 1907-1910 թվականները, իսկ ճարտարապետն է եղել Երևանում բազմաթիվ շենքերի հեղինակ, տաղանդաշատ ճարտարապետ Բորիս Մեհրաբյանը:
Կա այսպիսի մի պատմություն, ըստ որի Մկրտիչ Ենգիբարյանը ճարտարապետին պատվիրել էր հենց այս տիպի՝ երեք առանձնացված սյունազարդ մուտքերով շենք, քանի որ նա երկու որդի է ունեցել, և այսպիսով շենքի աջակողմյան և ձախակողմյան հատվածները նախատեսել էր իր երկու զավակների համար:

Հետաքրքիր և թերևս քիչ հայտնի փաստ է նաև այն, որ այս նույն շենքում 1918-1920 թվականներին ապրել է Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր ռազմական և պետական գործիչ, 1918 թվականի Բաշ-Ապարանի մայիսյան հերոսամարտի կազմակերպիչ Դրոն՝ Դրաստամատ Կանայանը իր ընտանիքով:
Իսկ 1920-ական թվականներին արդեն այս շենքում է տեղակայվել Հայաստանի կենտրոնական վիճակագրական վարչությունը։