Գիտե՞ք՝ որ հայտնի ՀԱՅԵՐՆ էին լուսանկարվում այս ՀԱՅԻ լուսանկարչատանը և ինչպես էր այն կոչվում. եկեք պարզենք

Այս հայը լուսանկարիչ Ավետիս Փանոսի Շահինյանն է՝ ծնված 1913 թվականին Մարաշում։ 1922 թվականին Շահինյան ընտանիքը մեծ եղեռնից մազապուրծ հաստատվել է Հալեպում։ 1930 թվականին Ավետիսը զբաղվել է լուսանկարչական աշխատանքով, Վ. Տերունյանի լուսանկարչատանն աշխատել է որպես շրջիկ թղթակից։

Լուսանկարել է սիրիական խրոնիկան, որտեղ կան բազմաթիվ լուսանկարներ կոտորածներից փրկված հայերի կյանքից[1]։ 1940-1950 թվականներին բազմաթիվ ռեպորտաժային լուսանկարներ է կատարել բանակի կյանքից։ 1940-1960 թվականներին եղել է ՀԲԸՄ մասնակից։ 1944 թվականին բացել է «Շահինյան» լուսանկարչատունը, որտեղ լուսանկարվել են Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա վեհափառը, Հակոբ Օշականը, Արշակ Չոպանյանը, Աշոտ Զորյանը, Սարուխանը: 1946 թվականին Ավետիսն ամուսնացել է Անահիտ Տեր-Պետրոսյանի հետ։ 1947 թվականին ծնվել է նրանց առաջին որդին Հրայրը, այնուհետև լույս աշխարհ են եկել Կատրինը և Նաիրին: Տղան՝ Հրայրը և թոռը՝ Նորայրը, ճարտարապետներ են։Բրազիլիա տեղափոխվելուց հետո նա շարունակել է «Շահինյան» անունը կրող լուսանկարչատան գործունեությունը մինչև 1980-ական թվականները։

1950-1960 թվականներին լուսանկարել է Սիրիայի պաշտոնատար անձանց Շոքրի Քութալիին, Հուսնի Զայիմին, Չիչեքլիին, Գամալ Աբդուլ Նասերին և այլոց, լուսանկարել է արաբ արվեստագետների երգչուհի Ֆեյրուզին, արձանագործ Ֆաթհի Մուհամմեդին։

Համագործակցել է Հալեպի Սենտ Լուիս հիվանդանոցի առաջատար ֆրանսիացի վիրաբույժ Ֆրիշոյի հետ, պատրաստել լուսանկարներ բժշկական գրքի համար, ստեղծել վիրահատական գործողություններին նվիրված կինոժապավեն։ Աշխատակցել է եվրոպական հնագիտական արշավախմբերի, Սիրիայի անապատներում կատարած հնագիտական պեղումների հարուստ նյութերից պատրաստել բազմաթիվ լուսանկարներ և կինոժապավեններ։

1955 թվականին Հալեպում բացվել է «Սարյան» ակադեմիան, որի հիմնադիրներն են եղել Ռոբերտ Ճեպեճյանը, Զարեհ Կարապետյանը, Անահիտ և Ավետիս Շահինյան ամուսինները:

1962 թվականին Ավետիսը որդու՝ Հրայրի հետ այցելել է Հայաստան, Երևանում հյուրընկալվել եղբոր՝ Գեղամ Շահինյանի մոտ, որը Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական բաժնի ֆրանսիական ամբիոնի վարիչն էր։ Այդ ընթացքում լուսանկարել է Հարություն Կալենցին, Հովհաննես Շիրազին, Երվանդ Քոչարին, Հովհաննես Բադալյանին, Նար Հովհաննիսյանին և այլ հայ արվեստագետների:

1963 թվականին ընտանիքով տեղափոխվել է Բրազիլիա, հաստատվել Սան Պաուլո քաղաքում, որտեղ շարունակել է ստեղծել վավերագրական լուսանկարներ։ Բրազիլիայում հիմնադրել է Հայկական բարեգործական ընդհանուր միության բաժանմունքը, 1981 թվականին՝ Թեքեյան մշակութային միության մասնաճյուղը Սան Պաուլոյում:

Մահացել է 1988 թվականի նոյեմբերի 27-ին, 75 տարեկան հասակում: