«Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ, լիարյուն ազգերը չեն սիրում հայերին»․ գիտե՞ք, թե ինչ ընդհանրություն էր տեսնում Չարենցը մահվան ու հայրենիքի միջև

Չարենցը երբեք չի վախեցել իր կարծիքը արտահայտելուց ու հաճախ գրողը նաև բավականին կտրուկ է դա արել։ Հաճախ նաև ի ցույց է դրել իր սեփական ժողովրդի թերությունները, հույս ունենալով, որ կկարողանա օգնել։ Այս հատվածը Եղիշե Չարենցի օրագրից է․

«14.03.1934
Մահվան մեջ միշտ կա ինչ-որ խայտառակ, ստորացուցիչ, ամոթալի բան: Գոնե այսպիսի տպավորություն է միշտ թողել ինձ վրա ինձ անձամբ ծանոթ մարդկանց մահը: Երբ տեսել եմ ինձ ծանոթ մարդկանց դագաղում` միշտ այս է եղել իմ առաջին զգացմունքը: Կարծես մեռնողը մի ինչ-որ ծայր աստիճանի, աններելի, քստմնելի, կեղտոտ հանցանք է կատարել – թե մեր, այսինքն կենդանի մնացողների, թե, մանավանդ, իր հանդեպ:

Թե ինչից է գալիս այս տպավորությունը, չգիտեմ: Երևի կյանքի հանդեպ ամենամեծ հանցանքը նրա բացասումն է, հերքումը:

Տարօրինակն այն է, որ քո ողջ գիտակցությամբ զգում ես, որ ամենից քիչ այդ բանում մեղավոր է մահացողը, բայց արդեն ամենից շատ նրա դեմ ես դառնանում… լցվում քստմնելի վախով ու զզվանքով: Այդ զգացմունքը մի փոքր նման է այն արգահատելի զզվանքի ու արհամարհանքի զգացմունքին, որ մարդու մեջ առաջացնում է թղթախաղում անաջողակ մարդը. տարվում է, տարվում է վերջին ունեցածը, պարզապես թուղթը չի գալիս,- փոխանակ խղճալու,- արհամարհանք ես զգում- զզվանք դեպի նա…

Կենդանի, առողջ, նորմալ մարդը առհասարակ չի սիրում դժբախտությունն ու անաջողականությունը: Իսկ ինչ է մահը – եթե ոչ ամենածանր, ամենամեծ «տանուլ տալը», անաջողությունը: Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ, լիարյուն ազգերը չեն սիրում հայերին, որ հանճարեղ տանուլ տվող դժբախտներ-անաջողներ են, քստմնելի լինելու աստիճան թշվառ ու անհաջողակ… Եվ ինչ մոլորություն, որ իբր թշվառությունը վեհ է ու ազնիվ… Արգահատելի է թշվառությունը, ինչպես մահը -ուրիշ ոչինչ…»։