«Սիգարն ինձ համար հաջողակ ու հզոր մարդու խորհրդանիշ է»․ ինչպես ամերիկահայ գործարարի հոբբին դարձավ բիզնես

Ամերիկահայ դոկտոր Գարո Բուլդուկյանն աշխարհում հայտնի է իր «Գարո Հաբանո» սիգարային ապրանքանիշով: Նրա սիգարներն արտադրվում են արդեն ավելի քան 10 տարի:

Տարիներ առաջ, երբ Գ. Բուլդուկյանն ընդամենը 18 տարեկան էր, սիգարը նրա համար զորավոր, հաջողակ անձնավորության խորհրդանիշ էր: Նրա զարմիկը, ով իրենից տարիքով մեծ էր, սիգար էր ծխում, ինչը նրա համար շատ տպավորիչ էր: Բիզնեսով զբաղվելու գաղափարը Գարոյի մոտ առաջացել է 1995-ին:

«Երբ սիգար էի գնում, ամեն անգամ առաջին հինգ հատը պատռում, նայում էի, համտեսում, ծամում` համերը տարբերելու համար, որպեսզի պարզեի, թե մի սիգարը մյուսից ինչու է ավելի թանկ, տարբերությունները որոնք են: Բայց երբեք մտքովս չէր անցնում, որ երբևէ կզբաղվեմ սիգարի բիզնեսով, այն ինձ համար հոբբի էր»:

Մասնագիտությամբ  բժիշկ Գ. Բուլդուկյանը 1994-ին մեկնում է Դոմինիկյան Հանրապետություն` բժշկություն ուսումնասիրելու: Այս երկիրը հայտնի է սիգարի արտադրությամբ: Հենց այստեղ էլ դոկտոր Բուլդուկյանին պատահաբար հարցնում են, թե ինքը չի՞ ցանկանա, արդյոք, Ամերիկայում սիգար վաճառել:

Ու այսպես սկսվեց ամեն ինչ։ Տարիների ընթացքում նրա սիգարները սկսեցին վաճառվել ոչ միայն ԱՄՆ-ում, այլ լայն տարածում գտան ամբողջ աշխարհում: Այժմ դրանք ուղարկվում են Միջին Արևելք, Լիբանան, Սիրիա, Եվրոպա, ԱՊՀ-ի երկրներից` Ռուսաստան, Ուկրաինա:

Լավ սիգարի գատնիքը դրա պատրաստման մեջ է: Շատ կարեևոր է նաև հողի խոնավությունը: Սիգարի բիզնեսը բավականին շահութաբեր է. հակառակ դեպքում, ինչպես պնդում է Գ. Բուլդուկյանը, այդքան մարդիկ չէին զբաղվի այդ բիզնեսով: Սիգարը բավական թանկ արժե` կան 80 դոլարանոց, 60, 120 դոլարանոց սիգարներ:

Իբրեւ բժիշկ` Գ. Բուլդուկյանն ասում է, որ ծխախոտն ազդում է թոքերի վրա, թունավորում է դրանք, իսկ սիգարի պարագայում ծուխը կոկորդ է գնում, մինչև թոքեր չի հասնում: