«Լուսանկարչությունն իմ մեջ է եղել մանկուց, որովհետև այդ արվեստին տիրապետում էին և՛ պապս, և՛ հայրս». գիտե՞ք՝ ում թոռն է լուսանկարում

Լուսանկարում հայ լուսանկարիչ Ավետիս Փանոսի Շահինյանի թոռն է՝ Նորայր Հրայրի Շահինյանը:

Դիմանկար
Ավետիս Փանոսի Շահինյան

Նորայր Շահինյանը ծնվել է 1979 թվականին, Սան Պաուլոյում։ Նախնիները սերում են Ուրֆայից, Մուշից, Քեսաբից։ Նորայրը լուսանկարչությամբ սկսեց զբաղվել դեռևս համալսարանական տարիներին՝ հետևելով պապիկին՝ Ավետիս Շահինյանին, որ ցեղասպանությունից հետո Հալեպում աշխատում էր որպես լուսանկարիչ։ 2001 թվականին Մաքկենզի համալսարանից ստացել է ճարտարապետի որակավորում, այնուհետև գեղագիտության ու արվեստի պատմություն է ուսումնասիրել Սան Պաուլոյի համալսարանում (2007)։

Ավարտելուց հետո շրջել է ողջ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում լուսանկարչական ծրագրեր իրականացնելու համար, լուսանկարել է աշխարհի բազմաթիվ վայրեր, անդրադարձել հայկական ժառանգությանը։ Չորս տարի լուսանկարել է հայկական հետքը կենտրոնական ու Արևելյան Թուրքիայում (Արևմտյան Հայաստան) և 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Ստամբուլում տեղի է ունեցել այդ աշխատանքների ցուցահանդեսը:

Պապը՝ Ավետիս Շահինյանը, փրկվելով ցեղասպանությունից, հաստատվել է Հալեպում, իսկ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել է Բրազիլիա՝ հաստատվելով Սան Պաուլո քաղաքում։ Հայրը՝ Հրայր Շահինյանը, ճարտարապետ է: