30 տարի առաջ այս օրը ՀԱՅԱՍՏԱՆԸ անդամակցեց ՄԱԿ-ին. երկու ՊԱՏՄԱԿԱՆ իրադարձություն՝ իրականացավ ՀԱՅԵՐԻ երազանքը և ՄԱԿ-ի պատերի ներքո հնչեց ՀԱՅԵՐԵՆԸ

302 տարի առաջ՝ 1992 թվականի մարտի 2-ին, Հայաստանը անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը։ Այդ հանդիսավոր արարողությանը, որ տեղի ունեցավ Նյու Յորքում, Հայաստանը ներկայացրեց այդ ժամանակվա արտգործնխարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Միայն պատկերացրեք. Հայաստանը անկախություն էր ստացել գրեթե հարյուր տարիների ընթացքում առաջին անգամ և միայն երկրորդ անգամ՝ ողջ հազարամյակի ընթացքում: Հայերի համար սա երազանք էր, որը հանկարծ իրականացավ…

Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթը սկսեց հայերեն: Հետո արագ անցավ անգլերենի, սակայն դա էլ էր բավարար: Այդ օրը տեղի ունեցավ երկու պատմական իրադարձություն՝ առաջինը՝ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, և երկրորդը՝ թեև ոչ շատ երկար, սակայն աշխարհի այս ամենաներկայացուցչական կազմակերպության պատերի ներքո հնչեց հայերենը...

Պատվիրակության կազմում էին Ալեքսանդր Արզումանյանը, մաթեմատիկոս, Հայոց համազգային շարժման առաջնորդներից մեկը, որը հենց նոր էր նշանակվել Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում: Հետագայում, երբ 1996թ. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց արտաքին գործերի նախարար, նա գրեթե մեկ տարի եղավ իմ վերադասը:

Լուսանկարը` Վ. Օսկանյանի անձնական արխիվից

Պատվիրակության կազմում էր նաև Արմեն Սարգսյանը, որն ապրում և ուսանում էր Լոնդոնում: Անկախության առաջին իսկ օրերին Արմենը նշանակվեց դեսպան Միացյալ Թագավորությունում և եվրոպական մի շարք այլ մայրաքաղաքներում:

Րաֆֆին ղեկավարում էր հայկական պատվիրակությունը: Նա ծնվել և մեծացել էր Միացյալ Նահանգներում, մեծ ակտիվություն էր ցուցաբերել հայ համայնքի կյանքում և ճանաչում էր գրեթե բոլորին. հիմա նա  զբաղված էր շնորհավորանքներ բաժանելով և ստանալով: Ակնհայտ էր, որ այնտեղ հավաքվածներն իրենց նույնացնում էին Րաֆիին՝ Սփյուռքի զավակին, ում համար իրականացել էր հայերի երազանքը:

Ես հավաքվածներից շատ քչերին էի ճանաչում, սակայն դա որևէ նշանակություն չուներ: Մենք տոնում էինք միասին, կիսում աներևակայելի այդ զգացումը և կրկնում բացահայտը՝ մենք ականատեսներն էինք այն բանի, թե ինչպես անհնարին երազանքը դարձավ շոշափելի իրականություն… մենք դեռ չգիտեինք, թե որքան շոշափելի:

Մտքերս այլուր էին: Ես ոչ թե սոսկ պատմության ընթացքն էի դիտում, այլ գիտեի, որ մի քանի ամիս հետո կլինեմ Երևանում և, աշխատելով Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում, մասնակից կդառնամ այն գործընթացներին, որոնք կդառնան նորանկախ Հայաստանի պատմության մասը:

Վարդան Օսկանյան
ՀՀ արտաքին գործերի նախարարը 1998-2008 թթ