«Առանց երկմտելու նստել է մեքենան ու գնացել զենք բերելու»․ Հերոս Աշոտ Մաթևոսյանը զոհվել է վիրավորներին տեղափոխելու ժամանակ

Հայրենիքի համար նահատակված հերոսներից է Աշոտ Կոստիայի Մաթևոսյանը։ Նա ծնվել է 1978 թ-ին։ Արմատներով Բերդից է, բայց ապրել ու հասակ է առել Երևանում։ Սովորել է Տնտեսագիտական համալսարանում, ամուսնացած է, ունի երեք հրաշք բալիկներ, այժմ ընտանիքն ապրում է Զովունիում:

Հարազատներն ու բարեկամները մեծ հիացմունքով են խոսում հերոսի մասին։ Ցավը շատ մեծ է, բայց նրանք ապրում ու մխիթարվում են նրա Աշոտի մասին վառ հիշողություններով, նրա մասին պատմություններով:

Սեպտեմբերի 29-ին մեկնել է ռազմաճակատ։ Բանակում ավագ լեյտենենատ է եղել, աչքի ընկել իր լավ ծառայությամբ։ Մտերիմները պատմում են, որ հերոսը հպարտ ու հաղթական մեկնեց ռազմաճակատ:

Սիրում էր Հայաստանը, միշտ բարձր էր պահում հայրենիքի անունն ու պատիվը, իր երկրի հպարտ զինվորն էր։ Նրան տարել են Ջաբրայիլի (Ջրական)։ Մասնակցել է պաշտպանական մարտերին, խիզախորեն կռվել ամենաթեժ կետերում։

Երբ զինամթերքը վերջացել է, նա որոշել է գնալ զինամթերք բերելու, առանց երկմտելու նստել է շտապ օգնության մեքենան ու որոշ ժամանակ անց վերադարձել՝ անհրաժեշտ միջոներով ու զենքերով։  Այդ օրը ճակատագրական դարձավ հերոսի համար, նրան վստահեցին շտապ օգնության մեքենան, ու զինվորների կյանքը:

Հարյուրավոր կյանքեր է փրկել, անգամ առաջին բուժօգնություն է ցույց տվել վիրավորներին, օգնել է բժիշկներին: Պատերազմի ընթացքում վիրավորվել է, բայց ոչ մեկին չի ասել։

Զոհվել է հոկտեմբերի 28-ին Կարմիր Շուկայում, վիրավորներին տեղափոխելու ժամանակ, իր ծառայակից բժշկի հետ։ Շատ էր սիրում կնոջն ու երեխաներին: Տղաներին տանում էր որսորդության, ձկնորսության, պատմում էր հայրենիքի մասին: Աղջկա հետ շատ կապված էր, հաճախ ինքն էր քնեցնում աղջկան: Հավերժ փառք։