«Որդուս հուղարկավորությունից ամիսներ անց որոշեցինք, որ պիտի երեխա ունենանք». ինչպե՞ս ՀԵՐՈՍ ՄԱՆՎԵԼԻ ծնողները իրենց մեջ ուժ գտան և կրկին ՈՐԴԻ ունեցան

Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մանվել Մանուչարյանի եղբայրը՝ Էմանուել Մանուչարյանը:

Ընդամենը 19-ամյա Մանվել Մանուչարյանը 1,5 տարվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց: Նա զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին տանկի հարվածից: 

Մանուչարյանների ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: Մանվելը տան ավագ որդին էր, իրենից 2 տարի փոքր մեկ եղբայր էլ ունի:

Հերոսի մայրը՝ տիկին Լիլիան պատմում է, որ որդու հուղարկավորությունից մի քանի ամիս անց ամուսնու հետ որոշել են, որ պիտի Մանվել ունենան: Մայրն ասում է՝ որոշել էին Մանվելի անունը դնել, սակայն քանի որ երեխան ծնվել է Սուրբծննդյան տոնին, նրան Էմանուել են կոչել:

«Էմանուել նշանակում է երկնային արքայություն: Այդպես ենք կոչել իր եղբոր ու նահատակված տղաների պատվին, որոնք հիմա երկնքում են»,- հուզմունքով նշում է մայրը: Ասում է՝ չնայած վստահ գիտի, որ Էմանուելն իր ավագ որդու տեղը երբեք չի լրացնի, սակայն լույս ու հույս է բերել իրենց ընտանիք:

51 սմ հասակով, 3,7 կգ քաշով փոքրիկ Էմանուելն առողջ ու ժիր բալիկ է: Մայրը՝ Լիլիա Ներսիսյանը, ասում է՝ հղիության 9 ամիսներին լացելով ու նեղվելով է ապրել, բայց երեխան կարծես իրեն խղճալով շատ խելոք ու հանգիստ է: «Չէի պատկերացնում, որ այսքան խելոք ու սիրուն բալիկ կլինի, իր ավագ եղբորն էլ շատ նման է»,- ասում է մայրը:

Նահատակված Մանվելը երկնագույն աչքեր է ունեցել, մայրը նկատում է՝ նորածին տղայի աչքերի գույնն էլ է բաց, բայց վստահ չէ, թե հենց այն կապույտ է:

Փա՛ռք ու պատիվ Հերոս Մանվելին, ով ընկավ հանուն մեր ապագայի և հայրենի հողի: Իսկ փոքրիկ Էմանուելին մաղթում ենք առողջ և խաղաղ մանկություն: