Ինչպես հայ ամուսինները ստեղծեցին մի ընկերություն, որի գլխավոր գործընկերներն են Google-ը, Microsoft-ն ու Facebook-ը

SADA Systems-ը բիզնես և խորհրդատվական ընկերություն է, որը հիմնադրվել է 2000 թ-ին և ԱՄՆ-ում ու Լոս Անջելեսում ամենաարագ զարգացող ընկերություններից մեկն է։ Հիմնադիրները Հովիկ և Անի Սաֆոյաններն են, իսկ 2002-ից ընկերությունը ղեկավարում է նրանց որդին՝ Թոնի Սաֆոյանը, ով 2015 թ-ին արժանացել է տարվա լավագույն գործարար մրցանակին։

1987 թվականին ԱՄՆ տեղափոխվելուց հետո հաշվապահության մեջ փորձ ունեցող Անի Սաֆոյանը շարունակում է զբաղվել հաշվապահությամբ, հետո` գրաֆիկ դիզայնով, ապա սովորում կայքեր պատրաստել։ Հովիկ Սաֆոյանն աշխատում է որպես ծրագրավորող։ Նրանք որոշում են հիմնել իրենց տեխնոլոգիական ընկերությունը՝ SADA Systems-ը, որը սկսում է ապահովել համակարգչային ու ծրագրային խնդիրների լուծում փոքր բիզնեսների համար։

Ամեն ինչ փոխվում է, երբ 2007 թ-ին SADA Systems-ին է դիմում Google-ը։ Վերջինս օգնության կարիք ուներ Google App-երն ավելի շատ ու տարբեր բիզնեսների վաճառելու, ինչպես նաև մի ծրագիր ստեղծելու համար։ SADA Systems-ը համաձայնում է, և այս համագործակցությունը դառնում է հետագայում նոր առաջարկների սկիզբ։

Այժմ SADA Systems-ի համախառն եկամուտը 100 մլն դոլար է, և այն ունի ավելի քան 200 աշխատակից։ Այն համարվում է մեծ ընկերությունների, այդ թվում` Google-ի, Microsoft-ի, Facebook-ի գլխավոր ու հիմնական գործընկերը։ 2017 թվականին SADA Systems-ը ճանաչվել է Microsoft-ի տարվա գործընկեր։