Այսօր ծնվել է ՀԱՅ մեծանուն երգահան Կարա-Մուրզան. ահա, թե ինչպես է նա փոխել ՀԱՅ երաժշտության պատմությունը

Քրիստափոր (Խաչատուր) Մարգարի Կարա-Մուրզան եղել է հայ նշանավոր կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ, երաժիշտ քննադատ։

Այսօր նրա ծնունդն է: Կարա-Մուրզան ծնվել է 1853 թվականի մարտի 2-ին: Նա ծնունդով Ղրիմից էր, որը նշանավոր հայ գաղթավայրերից էր և մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի քաղաքական և մշակութային կյանքում։

Կարա-Մուրզան իր ուրույն տեղն է ունեցել 19-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտության պատմության մեջ։ Նա առաջինը հաստատեց բազմաձայն երգեցողություն հայկական երաժշտության պատմության մեջ։ Նրա ջանքերով ժողովրդական երգի մշակումը դարի վերջին տասնամյակում առանձին նշանակություն ձեռք բերեց։ Կարա-Մուրզան նաև լավ մանկավարժ էր։ Նա օգնում էր երիտասարդ երաժիշտներին, պատրաստում և դաստիարակում էր երգչախմբի ղեկավարների։ Կարա-Մուրզան նաև հրապարակախոս էր։ Նրա հոդվածներում արտացոլվում է նրա առաջադիմական, գեղարվեստական սկզբունքները։

kara murza

Պակաս կարևոր չէր այն, որ Կարա-Մուրզան տարածում էր նաև հայոց լեզուն։ Նրա գործունեությունը երաժշտա-հասարակական աշխատանք էր, սակայն դրան զուգահեռ նա նաև մասնավոր դասեր էր տալիս, և այդպիսով շատ ժամանակ չէր հատկացնում ստեղծագործելուն։

Կարա-Մուրզան հավաքում էր և մշակում ժողովրդական և գուսանական երգեր. դրանով նա զբաղվեց համարյա ամբողջ կյանքում։ Նրա նվաճումն այն էր, որ միաձայն երգից ստեղծում էր քառաձայն խմբերգ։ Նրա ժառանգության մեջ իր ուրույն տեղն է գրավում «Շուշան» օպերան։ Օպերայի նյութը վերցված էր վիպասան Ատրպետի «Շուշան» ողբերգությունից։ Այս արևելահայության մեջ օպերա ստեղծելու առաջին փորձն էր:

Կարա-Մուրզան կատարել է նաև լուսավորական աշխատանք։ Նա «Մշակ» թերթի հատուկ թղթակիցն էր երաժշտական բաժնում և գրում էր երաժշտա-քննադատական հոդվածներ։

Հայտնի երգահանը մահացել է 1902 թվականին Թիֆլիսում՝ իր հետ տանելով բազմաթիվ չիրագործված նպատակներ։