Նա աշխատում էր մի գյուղում, որի հետքը չկա քարտեզների վրա․ Գավառում ծնված Սամվելի առեղծվածային կյանքը

Նրա մասին այսօր էլ քչերը գիտեն, իսկ այն ժամանակ նրան ընդհանրապես ոչ ոք չէր ճանաչում: Այս հայի անունը գրեթե բացարձակ գաղտնի էր պահվում: Առեղծվածային Սամվել Քոչարյանցի մասին  միայն հայտնի է դարձել վերջերս։

Առանց նրա սեղմ ժամկետներում ԽՍՀՄ-ը հզոր միջուկային պետություն կարող էր և չդառնալ: Սամվելը ծնվել է 1909 թ-ին Նոր Բայազետում (ներկայիս` Գավառ): Ընտանիքն աղքատ չէր, բայց և հարուստ էլ չէր, սակայն, երեխաների կրթությանը ծնողները լուրջ էին վերաբերում:

Դպրոցն ավարտելուց հետո եղբայրներ Սամվելն ու Սոսը, որոշում են ընդունվել ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Այդ ժամանակ ինչ-որ մեկը հորինեց, որ եղբայրները «կուլակային» ծագում ունեն: Դրանից հետո նրանք մեկնեցին Մոսկվա՝ մտադիր լինելով շարունակել ուսումը: Այդ տարիները դարձան, Սամվել Քոչարյանցի ապագա գաղտնի կյանքի սկիզբը:

Այնուհետև նա ուսում ստացավ Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում: Հաղթական 1945 թվականը մեկնարկեց գաղտնի առաքելությամբ. Քոչարյանցին հատուկ առաջադրանքով Գերմանիա ուղարկեցին, որտեղ խորհրդային գիտնականների խումբը մանրակրկիտ ուսումնասիրում էր միջուկային ծրագրի հետ կապված բոլոր հասանելի փաստաթղթերը:

1947 թ-ին եկավ Քոչարյանցի «Х ժամը», այսուհետ նա ստիպված էր ապրել «բացարձակ գաղտնի» կյանքով: Ամեն ինչ նույնիսկ իր համար էր անսպասելի. զարմանալիորեն նա իմացավ, որ ներառվել է միջուկային ուսումնասիրություններով զբաղվող խմբում: Իհարկե, այդ նշանակումը մեծ վստահության հետևանք էր, ցուցակներն անձամբ Ստալինն էր հաստատում:

Եվ ահա, խուլ անտառներում կորած, մինչ այդ անհայտ Սարով գյուղում ստեղծվում է Խորհրդային միության միջուկային կենտրոնը` КБ-11 օբյեկտը: Գյուղը վերանում է քարտեզներից, հանվում է հաշվառման բոլոր թղթերից: Քոչարյանցն այնպես աշխատեց, որ արդեն երկու ոչ լիարժեք տարի հետո ստացավ իր առաջին Ստալինյան մրցանակն ու Լենինի շքանշանը: Նրա աշխատանքի մանրամասների մասին գիտեն միայն ընտրյալները։ նա միայն մեկ անգամ է հարցազրույց տվել՝ 1992 թ-ին, մահից հաշված ամիսներ առաջ: