Տերյանի և նրա առաջին սիրո հանդիպումը․ գիտե՞ք թե որտեղ է բանաստեղծը ծանոթացել իր սիրելի Անթառամի հետ

Տերյանի առաջին սերը եղել է Անթառամ Մինասյանը: Նրանք հանդիպել են Մոսկվայում՝ տրամվայի մեջ:

Տերյանը այնքան մոտ էր կանգնել աղջկան, որ հյուսքերը նրա դեմքին էին դիպչում՝ տրամվայի ամեն մի ցնցման ժամանակ: «Հաջորդ կանգառը՝ Հայկական եկեղեցի». հնչում է տոմսավաճառի ձայնը: Տերյանը և Անթառամը մտնում են եկեղեցու բակ:

Շուտով պարզվում է , որ աղջիկը հայուհի է, անունը Անթառամ և գործարանատեր Մնացական Միսկարյանի ավագ դուստրն է, որը Ցարիցինից Մոսկվա էր եկել եղբորն այցելելու: Պարզվում է նաև, որ եղբայրը Տերյանի ուսանողական ընկերն է։

Նրանց երկուսի միջև անհասկանալի բան էր կատարվում, բայց Անթառամը ընդամենը մի քանի օրով էր Մոսկվա եկել:

Ահա թե Անթառամը ի՞նչ հիշողություններ ունի այդ օրվանից․«1908թ աշնանը, երբ նախքան դասընթացներն ընդունվելս եղբորս հյուր եղա Մոսկվա, մի անգամ Կոլյա Վարագովի՝ Դավթի ճեմարանական դասընկերոջ հետ Տվերսկայա փողոցով գնում էինք Ելիսեևի խանութի մոտի տրամվայի կանգառը: Այն րոպեին, երբ բարձրանում էինք տրամվայի աստիճանին, Վահանը տեսավ Կոլյային և իմ երկար հյուսերը: Չգիտեմ, նա հասցրե՞լ էր մի ուրիշ բան ասել, բայց լսեցի , որ Վահանն ասաց. «Սիրտս ուզում է այդ հյուսը կտրել»: Կոլյան, թե՝ «Ի​՞նչ ես ասում: Ախր սա Դավիթ Միսկարյանի քույրն է»: Ես առաջ անցա, իսկ նրանք մնացին տրամվայի վերջի հարթակում: Երբ տրամվայից իջանք, Կոլյան ինձ ծանոթացրեց Վահանի հետ: Իսկ ցած իջանք Մյասնիցկայա փողոցում, քանի որ գնում էինք հայկական եկեղեցի: Պարզվեց, որ Վահանն էլ էր գնում եկեղեցի: Օրը կիրակի էր: Եկեղեցու մոտ շատ ժողովուրդ կար: Ես եկեղեցի մտա երգչախմբին լսելու, իսկ Կոլյան ու Վահանը մնացին բակում, ինչպես այն ժամանակ ասում էին՝ «հարսնացու տեսնելու»:

Այս հանդիպումից հետո նրանք սկսում են նամակագրություն։