«Թուրքիան ոչ թե մի ազգի, այլ համաշխարհային դահիճ է»․ Լեռ Կամսարը Աստծու, թշնամիների, կյանքի ու Հայաստանի մասին․ անպայման կարդացեք
Լեռ Կամսարը բազմիցս արտահայտվել է այն դեպքերի ու իրողությունների մասին, որոնք տեղի էին ունենում իր ժամանակներում։ Նա այդ ամենին կարողացել է ճիշտ գնահատական տալ ու գրել ամենի մասին առանց չափազանցությունների։ Ահա նրա խոսքերից մի քանիսը՝ Աստծու, թշնամիների, կյանքի ու Հայաստանի մասին։
- Աստվա՛ծ, եթե ուզում էիր, որ քո ատեղծած աշխարհում բնակիչ լիներ՝ պետք է մարդուն երևակայությամբ չօժտեիր: Ո՞ր երևակայող մարդը կապրի քո անդուռ, անպատուհան աշխարհում՝ մեջը ծայրեծայր հակասություն…
- Մեր կառավարությունը կրկեսային մոտեցում ունի դեպի իր հպատակները: Ինչպես կրկեսում անասուն վարժեցնողները իրենց գրպանում պահում են ուտելիք՝ ամեն վարժությունից հետո նրանց բերանը կոխելու համար, այնպես էլ մեր կառավարությունը իր գրպանում լցրել է շքանշան, պատվոգիր, Հերոսի կոչում, Ոսկե աստղ և այլ պատվո նշաններ, որոնք մեկ առ մեկ թվելն անհնար է, այնքան, որ շատ են, և իր ժողովրդին խաղացնում է, ամեն խաղից հետո մի շքանշան կախելով կրծքին:
- Այն ատելությամբ, որով ատում են Հայաստանի կուսակցությունները իրար, եթե թշնամու դեմ դուրս գային, նրանց դեմ ոչ թուրք, ոչ պարսիկ, ոչ բոլշևիկ կդիմանային։

- Եթե արվեստը ի սպաս դրվի որևէ անհատի, քաղաքական կուսակցության կամ պետության, այն կդադարի արվեստ լինելուց և կդառնա ապրելու գործիք քրիստոնյա տերտերների, սոցիալիստ առաջնորդների և ոճրագործ կառավարությաւնների։
- Թուրքիան ոչ թե մի ազգի, այլ համաշխարհային դահիճ է։
- Ես, որ փիլիսոփա եմ, այդ ոչ թե շատ խելք ունենալուցս է, այլ կյանքում լիաթոք չապրելուց։
- Եթե աջ կողմից ինձ մի կին քաշեր, ձախ կողմից մյուսը, եւ ես միջոց չունենայի նրանց հասնելու, ի՞նչ գործս էր աշխարհի մասին մտածել եւ մարդկանց գործին միջամտել։
- Կորչի աշխարհն էլ, մարդն էլ։ Ինձ սեր է հարկավոր։
- Մարդիկ քանի պաշտոնի չեն անցել և ուտելու բան չկա մեջտեղ՝ ազնիվ են, պաշտոնի են անցնում՝ ուտում դառնում են անազնիվ, ձերբակալվում բանտ են գնում դարձյալ դառնում են ազնիվ, նորից պաշտոնի են անցնում, նորից դառնում են անազնիվ և այդպես շարունակ։
- Լինի հանրապետություն, լինի միապետություն, երբ յուրաքանչյուր ոք իրավունք չունի իր բախտը տնօրինել իր ուզածին պես՝ դա բռնապետություն է։
- Կարո՞ղ է հանցագործությունը վերանալ այն երկրից, որտեղ մեղավորը… դատավորն է։