ՀԱՅ, ում անվանում էին «նավթի արքա», և ում շնորհիվ մեծն Կոմիտասը ունեցավ սեփական դաշնամուր. այսօր ՀԱՅ մեծ բարերար Մանթաշյանցի ծննդյան օրն է

1842 թվականին այս օրը ծնվեց Հայ բարեգործ ու գործարար Ալեքսանդր Մանթաշյանցը:

Մանթաշյանցը զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը: Իր ապրած ժամանակում համարվել է ամենահարուստ մարդկանցից մեկը: 1899 թվականին ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին: Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը:

Իր առևտրային գործունեությանը զուգահեռ նա զբաղվում էր նաև հասարակական և բարեգործական գործունեությամբ: Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։

Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանցին: Երբ ցարական կառավարությունը որոշում կայացրեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորչական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանցը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը:

mantashyants

Ալեքսանդր Մանթաշյանցն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել է վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ:

Ալեքսանդր Մանթաշյանցը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր: Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը: 

Մանթաշյանցի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ: