«Լացում էի, չէի ուզում գյուղից դուրս գալ. ասում էի՝ փախնելը միշտ էլ կա, որ տեսնենք թուրքը գալիս ա՝ կմտնենք անտառ». արցախցի ՏԻԿԻՆ ՆՈՒՆԵՆ պատմում է պատերազմի և Հադրութը լքելու մասին

63-ամյա Նունե Դանիելյանը Հադրութի շրջանի Տումի գյուղից դուրս եկող վերջին երեք կանանցից մեկն էր։ Երկար տարիներ Ռուսաստանում բնակվելուց հետո ընտանիքը որոշել էր հայրենադարձվել եւ վերականգնել կապը հայրենի գյուղի հետ։ Տիկին Նունեն խոստովանում է՝ Երեւանում եւ Ռուսաստանում երկար տարիներ ապրելուց հետո իր խաղաղությունն ու երջանկությունը գտել էր հենց Տումիում։ Հրաշագեղ Տումիից, սակայն, հագենալու ու կարոտն առնելու համար ժամանակը սպասվածից ավելի սահմանափակ էր…

«Ամուսնուս կողմը բնիկ տումեցի են, իրենց տոհմածառը մենք ունենք, մինչեւ 11 սերունդ հասնում է, որ հատ-հատ անունները գիտենք։ Ես ծնվել եմ Իջեւանի Խաշթառակ գյուղում, 1979-ից Տումի հարս եմ։ Չնայած ասում են, որ Խաշթառակի ժողովուրդն էլ 300 տարի առաջ Արցախից են եկել։ Նույնիսկ տղաս ասում է, որ Գյուլիստանի բարբառը ու մեր Խաշթառակինը լրիվ նույնն է, ոչ մի տարբերություն չկա։

Նունե Դանիելյանը

Մենք երբ Ռուսաստան գնացինք՝ Տումիում սկեսուրս մենակ էր ապրում, տունն էլ արդեն շատ հին էր։ Բայց հետ վերադարձանք, տղաս ասաց. «Չէ, մեր պապական տունը սարքելու եմ»։ Սարքեց, մեծ հաճույքով, մեծ դժվարությամբ։ Ինքը շատ հաճույքով էր դա անում,  որովհետեւ շատ էր սիրում իր տունը, իր գյուղը…»:

«Առավոտ 7։15… Էդ իմ մտքից երբեք չի գնա։ Գյուղը չորս կողմը սարեր են։ 7։15 սկսեց կրակոցները, չորս կողմով լսվում էր։ Հարեւանս ներքեւից ձեն տվեց, թե. «Էս ի՞նչ ա պատահել»։ Ասում եմ. «Սիլվա, գլխի չե՞ս, թե ինչ ա»։ Էդ չեմ մոռանա։ Ծուխը չէինք տեսնում, մենք հեռու էինք, բայց ձայնը… Չգիտեի, թե որ կողմից է գալիս։ Հետո տղաս էլ որ առաջին գծում էր՝ անընդհատ ասում էի. «Ո՞ր կողմից ա գալիս, որտե՞ղ են կրակում»… Տղաս Երեւանից էր գնացել կամավոր, հենց առաջին օրից։ Մինչեւ վերջին օրն էլ մնաց։  

Տիկին Նունեի տունը Տումիում

Երկու անգամ բարեկամ տղերքը Տողից եկել ասել են, որ դուրս գամ… Լացել եմ, չեմ գնացել։ Ասում էի՝ փախնելը միշտ էլ կա, որ տեսնենք թուրքը գալիս ա՝ կմտնենք անտառ, գյուղացիները ճամփեն կիմանան, մինչեւ Գորիս ոտքով կգնանք։

Ճանապարհին անընդհատ լացել եմ, համ տղայիս համար, համ մեր գյուղի, բայց տան համար չեմ մտածել… Էդ երեխեքի համար, որ կռվում էին ու… Մեռնում էին… Ես զգացել եմ էդ ժամանակ, որ էլ չեմ գալու իմ տուն։ Ամսի 21-ին տղես զանգեց, ասեց… «Մամա, նռնակ եմ դնում դռան տակ, դուրս ենք գալիս»…