Այսօր ՀԱՅ ճանաչված ճարտարապետ և երաժիշտ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է. շնորհավոր ծնունդդ, մեծանուն ՀԱՅ

Այսօր հայ երաժիշտ Արթուր (Արտաշես) Ստեփանի Մեսչյանի ծննդյան օրն է:

Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թվականի մարտի 3-ին Երևանում: Դեռ վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ, իսկ դպրոցական տարիներին արդեն սկսել է երաժշտություն գրել: Դեռևս դպրոցում ուսանելու տարիներին` 1965թ., գրել է «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը:

1967թ. հեղինակել է «Առաքյալներ» ռոք խումբը, որը սկզբնական շրջանում չի ունեցել սեփական անվանում և հանդես է եկել որպես ճարտարապետական ֆակուլտետի խումբ: Խմբում բացի Մեսչյանից (հեղինակ, վոկալ, կիթառ, ստեղնաշարային և ջութակ) ընդգրկված էին նաև Լևոն Մելիքյանը (բաս-կիթառ) և Գրիգոր Նալբանդյանը (հարվածային գործիքներ): Միաձուլելով հայ հոգևոր երաժշտությունը այդ տարիներին ծաղկում ապրող ռոքի հետ` խումբը անմոռանալի տպավորություն է թողնում ունկնդիրների վրա և դառնում է իսկական հայտնություն: Խմբի առաջին համերգները տեղի են ունեցել պոլիտեխնիկական ինստիտուտում և հանդիպել կոմերիտական ակտիվիստների դիմադրությանը: Վերջիններս խմբի անդամներին բնորոշում էին որպես «նորընծա առաքյալներ», ինչն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի խումբը կոչվի «Առաքյալներ» («Apostles»):

1980-ականների սկզբում իր ուժերը փորձել է կինոյում: Մասնակցել է «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ֆիլմի նկարահանումներին` Միքայել Նալբանդյանի դերում: Երկրորդ ֆիլմը «Եվ կրկնվի ամենը»-ն էր:

1989թ. կնոջ և երկու որդիների հետ տեղափոխվել է Բոստոն (ԱՄՆ), որտեղ նրան վերջապես հաջողվել է ձայնագրել երկու տասնամյակում կուտակած ստեղծագործությունները: Նույն թվականին իր առաջին համերգն է տվել Բոստոնի հայկական եկեղեցում:

1996թ. վերադարձել է Հայաստան և ստանձնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: Սակայն հանդիպել է իշխանությունների կոշտ դիմադրությանը` 1997թ. հրաժարվել է պաշտոնից և վերադարձել Բոստոն:

2001թ. լույս է ընծայել երգերի հավաքածուն` բաղկացած 4 սկավառակից: 2005-06թթ համերգներ է տվել Երևանում, Գյումրիում, Վանաձորում, 2009թ.` Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելոսում, որտեղ նորովի հնչող հին կատարումները զուգակցվել են նոր ստեղծագործություններով:

2018թ. նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ:

2011թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, 2012թ.` ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով: 2014թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: