Գիտե՞ք, թե ինչպես էին հագնվում չամուսնացած ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ և ինչով էր տարբերվում նրանց տարազը ամուսնացած ՀԱՅ կանանց տարազից

Հայկական ավանդական տարազային համալիրներն ընդունված է առանձնացնել ըստ պատմական Հայաստանի տարածաշրջանների։ Դրանց շարքում առանձնանում է Այրարատի տարազախումբը, որի տարածման շրջանակները բավական ընդարձակ են։

Աշխարհագրական առումով այն ներառում է պատմական Այրարատ նահանգի մի շարք գավառներ։ Դրանց մեջ են մտնում նաև թիֆլիսահայերի և պարսկահայերի տարազը։ Այրարատի ավանդական տարազն առանձնանում է գույների, կտորատեսակների հիանալի համադրությամբ և տպավորիչ ձևավորմամբ։

Կանանց վերնազգեստի բնորոշ տիպը մետաքսյա ամբողջական հագուստն էր, որի կրծքամասը Երևանում և շրջակա գյուղերում փակ էր, իսկ Թիֆլիսում՝ բաց։ Տոնական զգեստի վրայից կապել են ասեղնագործ գոտի։ Ներքնազգեստի տարրերը (շապիկ-վարտիքը) կարվել է սպիտակ բամբակյա կտորից, քաթանից։

hay kananc taraznery

19-րդ դարի վերջերին Երևանում կանայք շապիկի վրայից հագնում էին անթև, կարճ ներքնազգեստ և գոտկաշոր։ Վերնազգեստի վրայից հագնում էին մուգ կանաչ, կարմիր, կապույտ թավշե մուշտակ, որը եզրազարդվում էր սև թավշե ժապավեն երիզներով։

Գյուղերում որպես վերնազգեստ էր ծառայում բուսանախշերով բամբակյա վառ կարմիր, դեղին, կապույտ գույների կտորներից արխալուղը։ Ունևոր կանայք, որպես տաք վերնազգեստ, գործածում էին չուխա՝ կտորից վերարկու, իսկ մեծահասակ կանայք գյուղերում, ինչպես և քաղաքում եկեղեցի գնալիս փաթաթվում էին սպիտակ ծածկոցի մեջ։

Չամուսնացած աղջիկների գլխի հարդարանքը շատ պարզ էր․ նրանք քաղաքում գլխաբաց էին շրջում՝ մազերը մեկ ծամ արած և ծայրին ժապավեն կապած, իսկ ամուսնության առաջին իսկ օրից գլխի հարդարանքը համալրվում էր մի շարք տարրերով, որոնք անփոփոխ էին մնում ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանք էին թավշե ասեղնագործ ճակատակալը, դրամներով ճակատնոցը, բերանը ծածկող թաշկինակներն ու գլխին կապվող մետաքսյա գլխաշորը։

20-րդ դարի առաջին քսանամյակում երիտասարդ կանանց և աղջիկների մեծամասնությունը արդեն հագնվում էր եվրոպական ձևով և կրում էր եվրոպական գլխարկներ (ֆետրե և ծղոտե գլխարկներ՝ ջայլամի փետուրներով և երկու քորոցով)։