«Նոր միայն հիշեցի, թե հայրս ինչու էր ինձ գրկել, նա գրկող տղամարդ չէր, դու մի ասա` կոշիկ չունեի». դրվագներ Ս. Սարգսյանի տխուր մանկությունից

Թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ Ձեզ ենք ներկայացնում մեծանուն դերասանի մանկական հիշողություւններից մի հատված, որն առանց փշաքաղվելու հնարավոր չէ կարդալ:

«Մանկական հուշերն անսպառ են, անվերջանալի: Ինչքան ասես, կարող ես վերհիշել: Երբ գրում էի, հասկացա, թե ինչ անսասան, անհաղթահարելի, վիթխարի ուժ է մանկությունը. մանկությունը հաղթահարել հնարավոր չէ: Մանկությունն ամեն իմաստով եւ հարուստ է, անվերջանալի է, եւ ինչքան էլ ծանր լինի, շատ քաղցր բան է:  ...Շատ դժվար է իմ տարիքի մարդուն պատմել ջահելությանը մեր ապրելաձեւի, կենցաղի մասին: Ես երբեմն ապշում եմ` առանձնապես շատ տարիներ չեն անցել, բայց այսպիսի փոփոխություններ, նոր-նոր բաներ: Հիմա ո՞վ կհավատա, որ մարդը շաբաթներով կիսաքաղց է: Չգիտեմ՝ կա՞ այդպիսի մարդ, թե՞ ոչ: Այժմ մուրացկանություն են անում եւ փող են ուզում, ոչ հաց»: 

Երբ 3-4 տարեկան էի, հայրս ինձ գրկել է, քուրքի մեջ դրել եւ տարել Ստեփանավանի ամբուլատորիա: «Ինչ-որ հիվանդ էի, չեմ հիշում արդեն, ցույց տվեց ինձ բժշկին, հետո մտավ խանութ, ինձ թողեց այդտեղ եւ ստիպեց, որ չշարժվեմ: Իսկ դրսում տղաները սղարան էին պատրաստել եւ սահում էին: Ես ինձ միանգամից դուրս գցեցի ու մասնակցեցի այդ խաղերին: Ես սղում էի գուլպաներով: Հետո հայրս շատ բարկացավ ինձ վրա: Նոր միայն հիշեցի, թե հայրս ինչու էր ինձ գրկել, նա գրկող տղամարդ չէր, դու մի ասա` կոշիկ չունեի»,- խոր կսկիծով հիշում է Սոս Սարգսյանը: 

Կոշիկ չունենալու հանգամանքը լուրջ ազդեցություն է ունեցել նաեւ մեծ արտիստի հոգեբանության վրա:

 «Ստեփանավանը շատ գեղեցիկ աղջիկներ ուներ, մանավանդ ամառը գալիս էին Երեւանից, Թբիլիսիից, գալիս էին ու լցվում: Այդ ժամանակ ֆիզիկական ցավին ավելանում էր նաեւ հոգեբանական հարվածը` կիսահագնված, կիսակոշիկ, կիսա-կիսա, ամեն ինչը մի կերպ հարմարեցրած էր: Ամոթ էր, եւ ես շատ-շատ էի հոգեպես ճնշվում»: